Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների դիեր/մասունքներ չկան, հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու պետանվտանգության ծառայությունը։
«Հայաստանի առողջապահության նախարարության դիահերձարաններում պահվող չնույնականացված մարմինների մեջ Ադրբեջանի ԶՈւ անձնակազմի ներկայացուցիչների դիեր չկան», – ասված է Ադրբեջանի ուժային կառույցների համատեղ հայտարարությունում։
Ինչի վրա է հիմնվում այս միանշանակ պնդումը՝ ուժայինները չեն բացահայտում։
Պաշտոնական Բաքուն, ըստ վերջին տվյալների, անհետ կորած է համարում 44-օրյա պատերազմի 14 ադրբեջանցի մասնակցի։
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱՆ-ն հունիսի 1-ին հայտարարել էր, որ Հայաստանի դիահերձարաններում այս պահին կա 149 մարմին, որոնց ԴՆԹ-ները ծնողների ԴՆԹ-բազայի հետ որևէ համընկնում չեն տվել։
Նախօրեին առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանը Հանրայինի հետ զրույցում նշել էր, որ չի բացառվում, որ Հայաստանի դիահերձարաններում կարող են ոչ միայն հայ զինծառայողների, այլև ադրբեջանցիների մասունքներ լինել։