Պետպատվերով բուժումները սառեցվել են, բյուջետային հատկացումները սպառվել են ժամանակից շուտ, անվճար բուժօգնությունից օգտվող մարդկանց հիվանդանոցները չեն սպասարկում․ վերջին օրերին մամուլն ահազանգում է՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 1 միլիոն 300 հազար մարդկանցից շատերը հայտնվել են բարդ վիճակում։
Բուժհաստատություններին, որոնք արդեն ծախսել են պետպատվերի համար ստացած գումարները, առաջարկվել է հերթագրել պացիենտներին։ Եթե նախարարությունը մինչև տարեվերջ հավելյալ միջոցներ չհատկացնի, սա նշանակելու է, որ մարդկանց բուժսպասարկումը կվերականգվի միայն գալիք տարի՝ նվազագույնը 4 ամիս հետո։
Անհետաձգելի բուժօգնությանը սա չի վերաբերվում․ շտապ և անհետաձգելի բուժծառայությունների կարիք ունեցողներին, ըստ նախարարության, հիվանդանոցները կշարունակեն սպասարել անվճար՝ անկախ նրանից, պետպատվերի համար նախատեսված միջոցները տվյալ հիվանդանոցում սպառված են, թե ոչ։
Փող համարյա չի մնացել
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերին անվճար բուժօգնություն տրամադրելու նպատակով տարվա սկզբին պետությունը (որպես կանոն՝ ողջ տարվա հաշվարկով) պայմանագրեր է կնքում բժշկական կենտրոնների հետ։
Հիշյալ պայմանագրերի շրջանակում 2021-ին բյուջեից մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատություններին հատկացրել է ընդհանուր 11 մլրդ 975 մլն դրամ, որի ավելի քան 80 տոկոսը սեպտեմբերի սկզբի դրությամբ արդեն ծախսված էր։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի խոշոր հիվանդանոցներից շատերում պետպատվերի միջոցները գրեթե ամբողջությամբ սպառված են, թեև տարվերջին դեռ 4 ամիս է մնացել։
Երևանյան «Արթմեդում», օրինակ, 204 միլիոն 707 հազար դրամից մնացել է ընդամենը 17 հազար դրամ։ Սպառվել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոնին հատկացված ավելի քան 1 միլիարդ 91 միլիոնը (մնացել է ընդամենը 49 հազար դրամ): Գրեթե նույնական վիճակ է նաև Երևանի «Շենգավիթ», «Աստղիկ», «Նաիրի», «Էրեբունի» ԲԿ-ներում և այլն։
Մեծամասամբ սպառված են նաև Գեղարքունիքի և Շիրակի մարզերի բուժհաստատություններին հատկացված միջոցները։
Որտեղ է փող մնացել
Որոշ հիվանդանոցներ, այնուամենայնիվ, կարողացել են մնալ «պլանի» շրջանակներում․ այնտեղ բուժծառայությունների մատուցումը (դեռևս) կշարունակվի։
Վիճակագրությունը՝ ըստ մարզերի և ըստ կոնկրետ բուժհաստատությունների, ներկայացված է առողջապահության նախարարության ստեղծած armed.am կայքում։
Որ հիվանդանոցում է պետպատվերը սպառված և որտեղ կան առկա միջոնցեր՝ կարելի է տեսնել Արմեդի՝ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության» բաժնում։
Պետությունը առանձին միջոցներ է հատկացնում նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրահատությունների և արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար։ Սրտի վիրահատությունների համար հիվանդանոցներին հատկացվել է ընդհանուր 5 մլրդ 889 մլն դրամ, որից մինչ այս ապառվել է մոտ 4 միլիարդ 180 միլիոնը՝ մոտ 71 տոկոսը։ Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար 2021-ին հատկացվել է ընդհանուր 2 մլրդ 35 մլն դրամ․ ԲԿ-ները սպառել են 1 մլրդ 430 մլն դրամը՝ մոտ 70 տոկոսը։
Այս երկու ենթածրագրերի շրջանակում հատկացված պետպատվերի միջոցները մեծամասամբ ծախսվել են՝ համաձայն «պլանի»։ Սա նշաբակում է, որ սրտի վիրահատությունների և դժվարմատչելի ախտորոշիչ հետազոտությունների հասանելիությունը սոցանապահով և հատուկ խմբերի համար չի սահմանափակվի, ծառայությունները կմատուցվեն բնականոն կերպով։
Այլընտրանքը թանկ է
Առողջապահության նախարար Անահին Ավանեսյանը հավաստիացնում է՝ որոշ ուղղություններով կառավարությունն արդեն իսկ գումարներ է ավելացրել։
«Ուռուցքաբանության մասով ունենք համալրում, պետությունը լրացուցիչ 550 միլիոն դրամ հատկացրել է, որպեսզի մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Լրացուցիչ հատկացվել է նաև 2 միլիարդ դրամ՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության տրամադրման մասով», – սեպտեմբերի 15-ին հայտարարել է նախարարը։
Ընհանուր առմամբ՝ խոցելի խմբերի պետպատվերի ավելացում, սակայն, մինչև 2022 թվականը չի նախատեսվում։
Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները ահազանգում են՝ հիվանդանոցները հրաժարվում են անվճար սպասարկումից, հերթագրում են՝ բոլորովին անորոշ ժամկետով, միակ այլընտրանքը՝ վճարովի ծառայությունները, սոցիալապես անապահով ընտանիքների համար առհասարակ հասանելի չեն, իսկ հատուկ խմբերում ներգրավված մարդկանց համար՝ հասանելի չեն մեծամասամբ։
«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի» համար հատկացվող պետպատվերը տարածվում է (28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող) նպաստառուների, 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 18 տարեկան երեխաների, հղի և ծննդաբերած կանանց, մանկատան սաների, զինծառայողների և նրանց ընտանիքների, զոհված զինծառայողների ընտանիքների, զինծառայության ընթացքում վնասվածքներ, խեղումներ և հիվանդություններ ձեռբերած զինծառայողների և նրանց ընտանիքների, ԱԻՆ աշխատակիցների և նրանց ընտանիքների, ազատազրկված, ծերանոցներում և անօթևանների կացարաններում խնամվող անձանց, բռնադատվածների, ապաստան հայցողների ու նրանց ընտանիքների վրա։
Նախարարությունը ստեղծված իրավիճակը պայմանավորում է կորոնավիրուսային համավարակով, որի հետևանքով ավելացել են խրոնիկ հիվանդությունների սրման դեպքերը և հիվանդանոց դիմող պացիենտների քանակը։ Կարելի է ենթադրել, որ ճգնաժամը պայմանավորված է 44-օրյա պատերազմի հետևանքներով։
Տարվա կեսին, ըստ նախարարի, ԲԿ-ներին գրություն է ուղարկվել և հրանագնվել է մնալ պայմանագրային գումարների շրջանակում, դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի։
«Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։ Եվ, իհարկե, ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ պայմանագրային գումարների սահմանում», – ավելի վաղ տեղեկացրել էր նախարարը՝ հավելելով՝ «բյուջեն սահմանափակ է, հստակ կանխատեսում պետք է ունենանք և դիսցիպլին՝ բյուջետային միջոցները իրացնելու համար»։