Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից ենթադրյալ չարաշահումների առթիվ քննվող քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի, այդ թվում՝ ավագանու անդամների։ Համայնքապետ Արա Մկրտչյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով՝ գրում է Քննչական կոմիտեն։
Քասախ համայնքի 61-ամյա ղեկավար Արա Մկրտչյանը Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պաատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից։ Հիշյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն, տարբեր անձանց դրանց հետևանքով հասցված վնասը, ըստ իրավապահների, մի քանի տասնյակ միլիոն դրամ է կազմում։
Քրեական գործի շրջանակներում, ըստ ՔԿ-ի, պարզվել են չարաշահումների մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, օժանդակած անձանց շրջանակը․ վերջիններիս գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ:
Ըստ հաղորդագրության՝ համայնքի ավագանու անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՊ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով` «հանցակցություն պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք» (2 դրվագ)։ Ավագանու ևս մեկ անդամի մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, գլխավոր մասնագետին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետներին ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Ավելի վաղ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 3152-րդ հոդվածով («Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը») Քասախ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա դատարանի կողմից ևս 2 ամսով երկարացվել է։