Home / Բանակ / ԻՊ առաջնորդի պայթեցումը հիշեցրեց Սիրիայի մասին

ԻՊ առաջնորդի պայթեցումը հիշեցրեց Սիրիայի մասին

Նախագահի կարգադրությամբ` ամերիկացի հատուկ ջոկատայինները Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացրել են մարտական օպերացիա և սպանել «Իսլամական Պետություն» (ԻԼԻՊ կամ ԻՊ) խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրեյշիին։ Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ալ-Քուշեյնը խալիֆ է դարձել 2019-ին՝ ԱՄՆ ջոկատայինների կողմից նախորդ խալիֆի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո։

Գործողությունն իրականացվել է Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ սիրիական Իդլիբ մարզի Աթեմ քաղաքում, փետրվարի 2-ի երեկոյան․ ուղղաթիռներից դուրս եկած հատուկ ջոկատայինները, ըստ համացանցում տեղադրված ձայնագրության, բարձրախոսով արաբերենով դիմել են կանանց և երեխաներին, որ լքեն վտանգի տարածքը։ Այնուհետև սկսվել են կրակոցները, որոնք տևել են 2 ժամ․ ալ-Քուշեյնը պայթեցրել է ինքն իրեն հակամարտության սկզբին։ Կրակոցների դադարից անմիջապես հետո օտարերկրյա զինված ուժերը լքել են տարածքը։

Նախնական տվյալներով՝ մարտական ռեյդի արդյունքում զոհվել է 13 մարդ։ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության փրկարարները հայտնել են, որ մահացածների մեջ կա 6 երեխա և 4 կին, մինչդեռ Լոնդոնի սիրիական մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է 4 երեխաների և 3 կանանց սպանության մասին։

Սիրիական դիտարկման կենտրոնը հայտնում է, որ 2019-ին նախորդ խալիֆի սպանությունից ի վեր սա ամերիկյան ամենալուրջ ռազմական օպերացիան էր։

Սիրիան, հիշեցնենք, 2011-ին սկսված պատերազմի հետևանքով այժմ բաժանված է քաղաքական ազդեցության 4 գոտիների։ Գործող նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տակ է երկրի տարածքի երկու երրորդը, որտեղ ապրում է 12 միլիոն սիրիացի՝ երկրի 17 միլիոն բնակչությունից։ Ալ-Ասադը երկրի սահմանների վրա շատ քիչ ազդեցություն ունի՝ սիրիական կառավարության ձեռքերում են գտնվում ցամաքային սահմանի մոտ 15%-ը։ Մնացածը, օդային և ծովային սահմանների մեծ մասի հետ միասին, գտնվում է օտարերկրյա ուժերի ձեռքում։

Երկրի մոտ մեկ չորրորդը Սիրիայի Հյուսիսի և Արևելքի ինքնավար վարչության տակ է, որն առավել հայտնի է Ռոջավա անունով։ Վերջիններս վարում են ազատական-սոցիալիստական քաղականություն՝ ֆեմինիզմի և անարխիզմի էլեմենտներով։ Նրանց աջակցում է ԱՄՆ-ն։

Հյուսիս-արևմտյան հատվածն էլ մեծամասամբ Թուրքիայի աջակցությամբ գործող աստամբ խմբավորությունների ձեռքերում է։ Այստեղ գտնվում է նաև Իդլիբ շրջանը, ուր հավաքված են տարբեր իրար հետ մրցակցող խմբավորումներ։ Իդլիբում հիմնականում իշխում է «Հայաթ Թախրիր աշ-Շամ» խմբավորումը, որը համարվում է «Ալ-Քաիդայի» հետևորդ և թշնամական մրցակցության մեջ է «Իսլամական հանրապետության» հետ։