Home / Բանտ / Ուլյանովսկի բանտում մուսուլմանների են խոշտանգում

Ուլյանովսկի բանտում մուսուլմանների են խոշտանգում

Ուլյանովսկի մարզում գտնվող Դիմիտրովգրադի բանտում ծեծել և նվաստացրել են ծոմապահ մուսուլման բանտարկյալներին, որից հետո շուրջ 100 բանտարկյալ հացադուլ է հայտարարել։ Բանտարկյալներն իրենց բողոքն արտահայտել են իրենց երակներ ու որովայնները կտրելով, հայտնում է Gulаgu.nеt իրավապաշտպանական նախագիծը։

Ռուսաստանի քրեակատարողական ծառայության կառավարման ջոկատի (УФСИН) անդամները ոչնչացրել են խուզարկության ընթացքում բանտարկյալների մոտ գտած Ղուրանները և աղոթագորգերը, վիրավորել ու նվաստացրել են մուսուլման բանտարկյալներին՝ շահարկելով նրանց կրոնն ու ազգությունը։ Աղբյուրը նշում է, որ խոշտանգումների ենթարկվածները հիմնականում Չեչնիայի և Ինգուշեթիայի բնակիչներ են եղել։

Հայտնի են տուժածներից 7֊ի անունները․ նրանցից մեկին՝ վնասվածքներ ստացած Ռասանբեկ Բեկմուրզաևին քաղաքային հիվանդանոց են տեղափոխել՝ անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Ծեծի ժամանակ բանտարկյալները կտրել են իրենց երակներն ու որովայնները, որպեսզի իրենց ստացած վնասվածքները փաստարկվեն և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ հրավիրվեն։

Նրանց ոչ մուսուլման բանտակիցները, չկարողանալով որևէ կերպ օգնել, նույնպես կտրել են երակները՝ ի նշան համերաշխության։ Դրանից հետո շուրջ 100 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել։

Բանտի աշխատակիցներից ականատեսները նշել են, որ ջոկատի անդամները, ծեծի ընթացքում դիմելով կովկասյան ծագում ունեցողներին, գոռում էին «Ուկրաինա եք գնացել ու գիտեք, թե Ռուսաստանի պաշտպաննե՞ր եք դարձել»:

Իրավապաշտպանները կոչ են անում Ուլյանովսկի մարզի դատախազին, քննիչներին և ՌԴ քրեակատարողական ծառայության ղեկավարներին ստուգումներ անցկացնել և պատժել բռնություններ իրականացրածներին։ Gulаgu.nеt֊ը այդ նպատակով առաջարկում է ուսումնասիրել ապրիլի 12֊ից 15֊ի բանտային տեսաարխիվը։