Չեչնիայում դատարանը մեղավոր է ճանաչել Նիժնի Նովգորոդից առևանգված 20-ամյա Սալեխ Մագամադովին և 17-ամյա Իսմայիլ Իսաևին՝ ահաբեկիչ խմբավորմանը աջակցելու մեջ։ Ըստ հետաքննության՝ երիտասարդները հաց և թեյ են փոխանցել Ռուստամ Բորչաշվիլիին, ով իշխանության կողմից ճանաչվել է որպես ահաբեկիչ և սպանվել է։
20-ամյա Սալեխին դատապարտել են 8 տարի ազատազրկման, որոնցից մեկ տարին նա պետք է անցկացնի բանտում, մնացած 7-ը՝ խիստ ռեժիմի կալանավայրում։ 18-ամյա Իսմայիլ Իսաևը դատապարտվել է 6 տարի ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի կալանավայրում։ Երիտասարդներն իրենց մեղավոր չեն ճանաչել և պնդում են, որ իրենց նկատմամբ գործը կարված է։
Իրավապաշտպանը դատավեճի ընթացքում հայտարարել է, որ նրանք քրեական հետապնդումների են ենթարկվում իրենց աթեիստական հայացքների, իշխանությունը քննադատելու և սեռական կողմնորոշման պատճառով․ նրանցից մեկը գեյ է, մյուսը՝ տրանսգենդեր։ Չեչեն երիտասարդները համակարգել են Osal Nakh 95 տելեգրամ ալիքը, որտեղ ներկայացվում էին ընդդիմադիր հայացքներ։
Մեկ տարի առաջ Նիժնի Նովգորոդում նույն ընտանիքի երկու զավակներին առևանգել են իրենց կացարանից և տարել Չեչնիա։ Այնտեղ նրանց պահել են Գրոզնիի ՁՊՎ-ում, որտեղ, ըստ իրավաբանների, նրանց ծեծել են և ստիպել ստորագրել խոստովանական կեղծ ցուցմունքներ։ Մոր խոսքերով՝ երիտասարդներին չեչեն ուժայինները հոսանքահարել են ու ծեծել խողովակներով։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ գործը փոխանցվի այլ տարածաշրջանի դատարան, սակայն այն մերժվել է։ 2021 թվականի մարտին երիտասարդները բողոք են ներկայացրել քննչական կոմիտե՝ 2020-ին և 2021-ին իրենց նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։