Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում անհայտ տղամարդը «լռության ժամի» ընթացքում մտել է մանկապարտեզ և կրակ բացել։ Մահացել են երկու երեխա և մեկ դայակ, որից հետո տղամարդը ինքնասպան է եղել, հաղորդում են Интерфакс֊ը և որոշ տելեգրամյան ալիքներ։
Առողջապահության նախարարության մարզային բաժինը հայտնել է, որ դայակներից ևս մեկը ձեռքի հրազենային վիրավորում է ստացել։
Նախնական տվյալներով, սպանվել են 5 և 6 տարեկան երեխաներ՝ իր տելեգրամյան ալիքում գրել է Ուլյանսովկի նախկին ղեկավար և Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մորոզովը։
Baza տելեգրամյան ալիքի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Ուլյանովսկի հյուսիս֊արևմուտքում տեղակայված Վեշկայմա բնակավայրում՝ «Րյաբինկա» մանկապարտեզում։ Աղբյուրը հավելում է, որ մանկապարտեզում պահակ չկա։
Նախնական տվյալներով, կրակել են ИЖ-27 սովետական երկփող որսորդական հրացանից։ Հրացանը գրանցված է 68֊ամյա տեղացու անունով․ միաժամանակ փոխմարզպետ Ալեքսանդր Կորոբկոն հայտարարել է, որ հրացանը կրակողին չէր պատկանում։
Ավելի ուշ ռուսաստանյան մամուլը հայտնեց հանցագործի անունը։ Դա 26-ամյա Ռուսլան Ախտյամովն է, որին իբրև թե արդեն իսկ ճանաչել է իր մայրը։ Երիտասարդը Ալեքսանդր Դրոնինի հարևանն էր, որին էլ ի սկզբանե վերագրում էին հանցագործությունը։ Վերջինիս դեռևս գտնել չի հաջողվում։ Չի բացառվում, որ Ախտյամովը նրան էլ էր սպանել և տիրացել զենքին։