Ղարաբաղի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (հայտնի է «Օգանովսկի» մականվամբ) մեղադրանք է առաջադրվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների առթիվ բացված քրգործի շրջանակներում, հաղորդում է տեղի գլխավոր դատախազությունը։
Օգանովսկին մեղադրվում է Ղարաբաղի ՔՕ 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Գեներալը, քննիչի որոշմամբ, ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Կարապետյանը, հիշեցնենք, մայիսի 10-ին մեքենան կայանելու համար վիճաբանության մեջ էր մտել Ստեփանակերտի 22-ամյա քաղաքացու հետ, ապա՝ երկու անգամ իր ինքնաձիգից կրակել վերջինիս մեքենային։։ Գեներալը հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր արդեն մայիսի 11-ին։ Ղարաբաղի մամուլի խոսնակը նշել էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալին աջակցող դիմումներ ստացել է, բայց միջամտել չի կարող, քանի որ «Արցախում բոլորն օրենքի առջև հավասար են. Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»։
Հիշեցնենք նաև, որ 3 տարի առաջ BBC-ն, որը հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն էր ստացել, հայտնել էր․ ըստ քննության, 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել էր հենց Սամվել Կարապետյանը։
«Այս գործի հետաքննությունը հզոր քաղաքական նշանակություն ունի և կարող է էականորեն փոխել քաղաքական ուժերի դասավորվածությունը Հայաստանում», – փաստում էր Բի-Բի-Սի-ն՝ հավելելով, որ գործում առկա նյութերն ուսումնասիրելիս պարզ է դառնում հետևյալը․
– Ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել Ղարաբաղի ուժայինները, որոնց ղեկավարել է գեներալ Սամվել Կարապետյանը: Նա զբաղեցնում էր Ղարաբաղի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և աշխատանքից ազատվեց 2019-ի ապրիլին, երբ Մարտի 1-ի գործում հանդես էր գալիս որպես վկա:
– Հարցաքննության ժամանակ քննիչները պնդել են, որ Կարապետյանի ջոկատը տեղակայված էր եղել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական վարչակազմի շենքի նկուղում:
– Քննությունը կարծում էր, որ այդ նկուղում ուժայիններին այցելել էին նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: