Home / Բանակ / «Ռուսների մոտից են տարել»․ Գերիների հարազատները Գյումրիից եկան Երևան

«Ռուսների մոտից են տարել»․ Գերիների հարազատները Գյումրիից եկան Երևան

2020-ի դեկտեմբերի 13-ին՝ պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց, Արցախի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները հերթական բողոքի ակցիա էին անում Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Շիրակցի 62 պահեստազորայինները գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո՝ նրանց պատասխանատվության տակ գտնվող տարածքներից, պնդում են ծնողները։ Ռուսաստանն էր նրանց անվտանգության երաշխիքը, և Ռուսաստանը պետք է ջանքեր գործադրի՝ նրանց վերադարձը վերջապես ապահովելու համար։

«Ռուս խաղաղապահն է կանգնած եղել, երբ մեր երեխեքին տարել են։ Բնական է, եթե ամերիկացին կանգնած լիներ, ֆրանսիացին կանգնած լիներ՝ կէրթայինք Ամերիկայի, Ֆրանսիայի դեսպանատուն։ Քանի որ ռուսական խաղաղապահն է կանգնած եղել, մեր երեխեքին տարել են ռուս խաղաղապահների մոտից, մենք էլ ռուս խաղաղապահներից ենք պահանջում…

Մենք տարիուկես խնդրել ենք։ Տեսնելով, որ մեր խնդրանքը ոչ մի արդյունք չի տվել, հիմա պահանջում ենք։ Տարիուկես Հայաստանի կառավարությունը անգործության է մատնվել։ Վերադարձվել են գերիներ, բայց մինչև քո երեխան չվերադառնա՝ քեզ համար դա արդյունք չէ», – News.am-ի հետ զրույցում ասել է գերիներից մեկի մայրը։

Խծաբերդի դեպքերից մեկուկես տարի անց 62 գերիներից 30-ը դեռ Ադրբեջանում է։

Մայիսի 27-ի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Խծաբերդից գերեվարվածները և առհասարակ՝ Ադրբեջանում պահվող 38 գերիների 90-ից ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Հաջորդ իսկ օրը ծնողները վերսկսել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց իրենց բողոքի ակցիաները։

«Քանի՞ անգամ ենք եկել ստեղ։ Ի՞նչ կապ ունի վարչապետը։ Մինչև վարչապետի ասելը,  քանի անգամ նամակ ենք գրել, քանի անգամ եկել ենք այստեղ, բայց արդյունք չենք տեսել։ «Ջան, ջան, ումալյայու, ումալյայու» լսեցինք, դրա համար էս օրին հասանք։ Հիմա էլ «ջանի» բան չմնաց։ Հիմա արդեն պահանջում ենք, որ մեր երեխանց բերեն։

Ի՛նքն է եղել գարանտ, ինքն էլ պիտի բերի։ Իրա խաղաղապահն է եղել։ Ռուսական խաղաղապահ զորքերն էին էնտեղ մեր պաշտպանը, այդպես ասեմ, և իրանց մոտով են տարել։

Դրա համար էլ եկել ենք ստեղ ուզենք։ Մենք ուրիշ բան չենք ուզում, հեչ մի ուրիշ բան՝ բացի մեր երեխեքից», – այսօրվա ակցիային ասել է գերեվարված զինծառայողի հայրը։

Մարդկանց ձեռքին պաստառներ էին․ «Русские миротворцы, вы были гарантами наших сыновей» (Ռուս խաղաղապահներ, դուք մեր որդիների երաշխավորն էիք) , «Где вы были 13 декабря 2020 года» (Որտե՞ղ էիք 2020 թվականի դեկտեմբերի 13-ին), «Վերադարձրեք մեր եղբայրներին» և այլն։

Դեսպանատան մոտ եկած ծնողներին տեղեկացրեցին, թե դեսպան Կոպիրկինը տեղում չէ։ Վրդովված ծնողների և ոստիկանների միջև մի պահ քաշքշուկ սկսվեց, նրանք փորձում էին դեսպանատուն մտնել։ Ավելի ուշ հարազատները գնացին Կառավարության մոտ։ 

«Ասեցին, որ վաղը կամ մյուս օրը կարող են մեզ ընդունել», – Epress.am-ին ասաց ծնողներից մեկը։ Մարդիկ քննարկում էին՝ գնալ Գյումրի և հետո վերադառնալ, թե՞ մնալ Երևանում։