Կառավարությունն առաջարկում է վերականգնել տարկետման իրավունքը, բայց՝ միայն բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտություններով սովորողների համար և որոշակի պայմանների դիմաց։
Հուլիսի 7-ին Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բուհական համակարգին է վերադարձվում տարկետման ինստիտուտը, Կառավարությանն էլ «հասցեական լիազորություն» է վերապահվում՝ բուհերի և մասնագիտությունների ընտրության հարցում:
Ի՞նչ է սա նշանակում։
2017 թվականից ի վեր բուհեր ընդունված «արական սեռի քաղաքացիները, անկախ ցուցաբերած արդյունքից» չեն ստանում տարկետում։ Տարկետման իրավունքը գրեթե վերացված է․ երիտասարդներն ընդունվում են բուհ և ուղարկվում բանակ։
Բացառություն է արվում միայն
— առարկայական միջազգային օլիմպիադաների մրցանակակիրների համար (որոնց թիվն, ըստ ԿԳՄՍ նախարարի, «առանձնապես մեծ չէ»),
— բակալավրի կրթական ծրագրով աշխարհի ամենահեղինակավոր (վարկանիշավորման միջազգային սանդղակի՝shanghairanking.com-ի առաջին հինգ տասնյակում ընդգրկված) բուհերում սովորելու համար։
Մագիստատուրայում և ասպիրատուրայում տարկետում կարող են ստանալ միայն հաշված թվով մարդիկ՝ «համապատասխան նվաճումներ ունենալու դեպքում»: Այդ նվաճումների հաշվարկը կատարվում է կարգով սահմանված մեթոդաբանությամբ` ըստ համապատասխան միավորների (հաշվի են առնվում միջազգային ամսագրերում տպագրված գիտական հոդվածները, կոնֆերանսների մասնակցությունը և այլն)։
Այժմ կառավարությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7-րդ մասով և հետևյալ բովանդակությամբ․ «ՀՀ կառավարության որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը»:
Այսինքն՝ եթե փոփոխություններն ընդունվեն, Կառավարությունը՝ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված, կհստակեցնի և կտրամադրի տարկետման տեղեր՝ ըստ բուհերի և առաջնահերթությունների:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ օրենսդրական այս կարգավորումը պետությունը դիտարկում է որպես ներդրում՝ կրթության և գիտության ոլորտներում, և ակնկալում է այդ ներդրման վերադարձելիությունը. «Այս ճանապարհով գիտական աստիճան ստացող երիտասարդները պետք է աշխատեն պետության համար առաջնահերթ համարվող կառույցներում՝ նպաստելով համապատասխան ոլորտի զարգացմանը: Այս կերպ մենք փորձում ենք լուծել նաև բուհերում դասախոսական կազմի սերնդափոխության հարցը՝ ապահովելով գիտական մրցունակ կադրերի բազա»:
«Կառավարությունն իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկելու այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,- հավելել է վարչապետ Փաշինյանը:
Հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի Կառավարությունը, ըստ իր առաջնահերթությունների, որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետմամբ տեղեր։
Տարկետում ստացած ասպիրանտների զորակոչի տարիքը կերկարաձգվի
Առաջարկվող հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքային շեմը` ներկա 27 տարեկանի փոխարեն սահմանելով 28 տարեկանը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ սա ասպիրանտներին հնարավորություն կտա ավարտել ուսումն ու պաշտպանել թեզը․
«Նմանօրինակ լուծման գնալու անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության շարունակականության չընդհատման կարևորմամբ, որպեսզի տարկետում ստացած քաղաքացիներն ուսումնառության վերջին տարում գիտական թեզի պաշտպանությունը ստիպված չլինեն ընդհատել` հաշվի առնելով, որ 12-ամյա հանրակրթության համակարգով սովորողները դպրոցն ավարտում են 18-19 տարեկանում և բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններով կրթությունը շարունակելու դեպքում 27 տարեկանում չեն հասցնում ավարտել ասպիրանտուրան:
․․․Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր, աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է, ավելի ուշ են ավարտում: Ստացվում է, որ ասպիրանտը երրորդ տարվա ուսումնառության կեսից զորակոչվում է բանակ: Ուստի մենք առաջարկում ենք կրթական տարկետում ունեցողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել՝ մինչև 28 տարեկան, որպեսզի ուսանողը հանգիստ ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուականը»։
Առաջիկայում նախագիծը կուղարկվի ԱԺ։