Հասարակական կազմակերպությունները պահանջում են պաշտոնանկ անել ոստիկանապետ Վահե Ղազարյանին և զգուշացնում՝ հակառակ պարագայում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ապօրինի բռնության ողջ պատասխանատվությունը ընկելու է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։
Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան, ոստիկանները ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների հարազատներին, որոնք գիշերը զինվորական պանթեոն էին գնացել՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքը։
Եռաբլուրից, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 37 հոգի։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են ոստիկանները քաշքշում սևազգեստ ծնողներին, բերման ենթարկվածներից մի քանիսը մարմնական վնասվածքներ ունեն։
«Դատելով այն հանգամանքից, որ զոհված զինծառայողների հարազատները բերման ենթարկվելուց հետո բաժիններում ևս ենթարկվել են ապօրինի հետապնդման (նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել), իսկ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են ոստիկանության ու ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների մեծ թվով ծառայողներ, կարելի է վստահաբար պնդել, որ գործողությունը կատարվել է առնվազն ոստիկանության ղեկավար անձնակազմի հրամանով:
Ոստիկանության ու ոստիկանության զորքերի այդ ստորաբաժանումների միասնական վերադասը (պետը) ոստիկանապետ Վահե Ղազարյանն է, որն անմիջականորեն ենթակա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – ընդծել են հասարակական կազմակերպությունները։
Քաղհասարակության ներկայացուցիչները հիշեցրել են տեղական և միջազգային օրենսդրության, մարդու իրավունքների, 2018-ի հեղափոխության և բարոյական նորմերի մասին։ Նրանք ուշադրություն են հրավիրել նաև Ազգային ժողովի կողմից արձագանքի բացակայությանը և «իշխանական խմբակցության որոշ ներկայացուցիչների կողմից ոստիկանության այս հանցավոր պահվածքն արդարացնելու փորձերին»։
Ոստիկանապետի պաշտոնանկության պահանջին 35 ՀԿ-ներ են միացել, նրանց թվում են «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը», «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Թրանսփարենսի ինթերնեյշնլը», «Փինքը», «Հանրային լրագրության ակումբը», «Ռեստարտ» հիմնադրամը․․․
Ավելի վաղ դատապարտող հայտարարություն է տարածել նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։
Կոալիցիան հիշեցրել է՝ սա առաջին անգամը չէ, երբ ոստիկանությունը ուժ է կիրառում սևազգեստ մայրերի նկատմամբ։ Եթե առաջ նրանք բռնության էին ենթարկվում պետական շենքերին կամ պաշտոնյաներին մոտենալու համար, այժմ՝ բռնությամբ հեռացվում են իրենց որդիների շիրիմների մոտից, որպեսզի պաշտոնյաները կարողանան այցելել դրանք․
«Այսօր, երբ երկրի սահմաններին տեղի է ունենում լայնածավալ բռնություն և պանթեոնում նոր շիրիմներ են ավելանում, առանց այդ էլ մեծ լարում ու տագնապ ապրող մայրերը ենթարկվում են հարձակման՝ արդեն ոստիկանության կողմից»։
Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիան պահանջել է․ ազգային ժողովից՝ հանդես գալ բռնարարքները դատապարտող և բացառող դիրքորոշմամբ, ոստիկանությանից՝ բացառել ուժի ցուցադրության, նվաստացման ու բռնության ցանկացած դրսևորում սգավոր մայրերի և հարազատների նկատմամբ, դատախազությունից՝ հետամուտ լինել «Եռաբլուրում» տեղի ունեցածի վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և քրեական գործերի հարուցմանը։
Ոստիկանությունից այսօր հաղորդել են, որ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի առթիվ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն են սկսել։