Home / Դատարան / «Սուրմալու»-ի պայթյունի գործով կալանավորվել է տնօրենը

«Սուրմալու»-ի պայթյունի գործով կալանավորվել է տնօրենը

Երկու ամսով կալանավորվել է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի («Սուրմալու» առևտրի կենտրոնի պաշտոնական անունը) տնօրեն Իրինա Մադաթովան, հայտնում է Քննչական կոմիտեն։  

Առևտրի կենտրոնի տնօրենը ձերբակալվել էր երեկ՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու»-ում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված ու միացված քրեական վարույթի շրջանակում։

Իրինա Մադաթովային մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը և փաստաթուղթ կեղծելը:

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Մադաթովայի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերավբերյալ, որը բավարարվել է։

Քրեական վարույթի շրջանակում այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 60 հոգի, հարյուրավոր մարդիկ ունեզրկվել են։