«Սուրմալուում» պայթյունից մեկ ամիս անց փլուզվել է կիսաքանդ դարձած շենքի պատերից մեկը։ Անցած շաբաթների ընթացքում այն չէր ապամոնտաժվել։ Տարածքը մի կողմից փակված էր դեղին ժապավենով, մյուս կողմում գործող խանութներ էին։ Դրանցից մի քանիսի վրա քարեր են ընկել, փլատակների տակ է մնացել նաև Համիկ Ավագյանի մեքենան։
Փլուզման հետևանքով 3 հոգի է տուժել, նրանցից մեկը դեռևս հիվանդանոցում է։ Առևտրականներն ասում են՝ բախտները բերել է, որ ոչ աշխատանքային օր էր, խանութները շուտ են փակել։ Ապրանքներից բացի փլատակների տակ նաև մարդիկ կարող էին մնալ։
Սուրմալուի պայթյունից հետո շատերը սննկացել են, կորցրել իր ողջ ապրանքը, մնացել պարտքերի և վարկերի տակ։ Կառավարությունը նրանց կրած վնասները փոխատուցելուց հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե հարկավոր էր նախօրոք մտածել և ապահովագրվել։ Սուրմալուի առևտրականներն այս մեղադրանքին քմծիծաղով են արձագանքում․ տարածքի սեփականատերը անցած 30 տարիների ընթացքում անգամ տարրական անվտանգություն չի ապահովել, պետությունն էլ սահմանափակվել է խախտումները արձանագրելով։ 17 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի մեղքը այժմ բարդում են պահեստը վարձակալած առևտրականների վրա․ ո՛չ տեսչական մարմինը, ո՛չ էլ տոնավաճառի տնօրինությունը տեղի ունեցածում իրենց մեղավոր չեն համարում։
Դեպքից 40 օր անց կիսաքանդ շենքը չեն էլ ապամոնտաժել։ Թե երբ կապամոնտաժեն՝ ոչ ոք չգիտի։ Մոխրացած շենքի պատը սեպտեմբերի 21-ին փլուզվել է սովորական քամուց։ Բացառված չի, որ մնացած պատերն էլ կփլվեն։ Տարածքում ոչ ԱԻՆ-ից մարդ կա, ոչ էլ քաղաքապետարանից։
Շենքին հարակից տաղավարները շարունակում են աշխատել։ Խանութպաններից մեկը մեզ ուղարկում է Համիկի մոտ․ «Էտ տղայի մեքենան փլատակների տակ ա մնացել։ Նոր էր առել՝ պարտքով։ Գոնե թող փոխհատուցեն»։
Համիկը «Սուրմալուում» օրավարձով բանվոր է աշխատում։ Մեքենան նոր էր առել․ երեկոյան տաքսի էր քշում, ցերեկը՝ աշխատում տոնավաճառի պահեստներում։ Մերսեդեսից բան չի մնացել․ մինչև հիմա նույն տեղում է՝ փլատակների տակ։
«Ամսի 21-ն էր՝ ոչ աշխատանքային օր։ Որ շուտ էին փակվել, ասեցինք՝ գնանք պահեստը դասավորենք։ Էկա կանգնեցի ստեղ․ սա թույլատրված տեղ էր։ [Կողքի այն ժամանակ դեռ գործող] տաղավարների աշխատողները արդեն տուն էին գնացել։ Գնացի պահեստ, հետ եկա՝ մեքենան էլ չկար։
Ես ուզում եմ, որ ինձ փոխհատուցեն։ Ոչ ոք չի ասել, որ այստեղ չի կարելի կագնել։ Եթե ասեին, չէինք կանգնի։ Ժապավեններ էլ չկային։ Ես էս մեքենան փակովի էի վերցրել․ աշխատում էի, ամեն ամիս 100 հազար փակում», – ասում է տղամարդը։
Համիկը առավոտից կանգնած է փլատակների մոտ՝ սպասում է, որ ԱԻՆ-ից կամ քաղաքապետարանից մարդ գա։
«Մեքենայի մեջ գազի բալոն կա։ Գոնե թող գան, փակեն։ Կամ ինչ-որ մի բան անեն։ Թղթերս, իրերս մեջն են մնացել։ Չեմ ուզում ձեռք տամ, որ հետո չասեն՝ ինքնագլուխ բաներ ես արել, դու ես մեղավոր։
Դեպքից հետո եկել, նայել են, ասել՝ նորմալ ա, ու գնացել։ Երկու հոգով էին եկել։ Էսօր էլ զանգեցի, որ տեխնիկա ուղարկեն, ասում են՝ վտանգավոր ա էտ շենքը, մենք չենք կարա ըտեղ աշխատենք։ Բա որ վտանգավոր ա, ինչի՞ չեք գալիս փակեք։ Էստեղ մարդիկ կան, մինչև պատի փլվելը կողքի տաղավարները աշխատում էին․ էտ օրը ուղղակի ոչ աշխատանքային էր, շուտ էին գնացել տուն»։
Կառավարության երեկվա նիստում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը դիմել էր գործադիր պաշտոնյաներին, թե՝ այդ շենքը վերջապես հարկավոր է քանդել։ Փոխվարչապետը պատասխանել էր, թե՝ դեռ քննարկում են հարցը. «ԱԻՆ-ը համապատասխան արձանագրությունները կազմել է և համապատասխան գերատեսչություններ են արդեն ուղարկված»:
Շենքն ապամոնտաժելու անհրաժեշտության մասին ԱԻՆ-ի արձանագրությունները, սակայն, դեռևս սեպտեմբերի 12-ին էին կազմվել։ Դրանից հետո ոչինչ չի արվել։
Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում որոշվեց միանվագ աջակցություն տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից զոհվածների ընտանիքներին և վիրավորներին․ հիվանդանոցներում մինչև 3 օր բուժման մեջ գտնված մարդկանց՝ 150.000 դրամի չափով, երեքից ավելի օր բուժվածներին՝ 300.000 դրամի չափով, զոհվածների ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար 3 միլիոն դրամի չափով: Գույքային փոխհատուցման հարցը չէր էլ քննարկվում։