Երեկ գիշերը Չեչնիայի Գուդերմես քաղաքում երկու անձինք կրակել են ոստիկանների վրա, ինչից հետո ուժայինները նրանց սպանել են՝ գրում են պետական լրատվամիջոցները։
Դեպքի վայր ժամանած Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը զոհվածներին «զինյալներ» է անվանել և հայտարարել՝ ուժայինները հատուկ օպերացիա են իրականացրել, որը 20 րոպեից էլ քիչ է տևել։
Միաժամանակ, ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրահմանովը և Niyso լրատվամիջոցը գրում են, որ թե՛ սպանվածների արտաքինը, և թե՛ դեպքի վայրը կասկածներ են առաջացնում։
Դեպքի վայրը, որը Աբդուրահմանովի տվյալներով, քաղաքի գերեզմանոցներից է, լավագույն տեղը չէ դիվերսիայի համար, բայց իսկը՝ առևանգված մարդկանց սպանելու համար է, քանի որ այդ ժամին գերեզմանոցում ո՛չ վկաներ կարող են լինել, ո՛չ էլ պատահական զոհեր։
Բացի այդ, սպանվածներից մեկը երկար բեղեր է ունեցել, ինչը բնորոշ չէ չեչենական զինված խմբավորումների անդամներին, ընդգծում է Niyso լրատվամիջոցը։
Աբդուրահմանովը ենթադրել է, որ զոհերը որևէ գաղտնի գործունեություն չեն ծավալում և ընդամենը տեղի բնակիչներ էին։ Ավելի ուշ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է զոհվածների ինքնությունը՝ տեղացի մի տղամարդ և նրա զարմիկը։ Քննչական կոմիտեն նրանց նկատմամբ գործ է հարուցել՝ ուժայինների կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու հոդվածով։
Կադիրովը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, ինչպես են ուժայինները առանձնատնից երկու մարմին դուրս բերում, որոնցից մեկի դեմքն ապականված է։ Տեսանյութում Կադիրովը զոհերի մարմինների կողքը կանգնած հայտարարում է, որ «հարազատները պետք է իմանան, թե ինչ են անում նրանց երեխաները»։
Ըստ Կադիրովի՝ զինված մարտիկներին շրջափակման մեջ են վերցրել առանձնատանը և առաջարկել հանձնվել։ Նրանք, ի պատասխան, նռնակ են նետել, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել նրանց ուղղությամբ։ Ուժայինների շարքում վիրավորներ չկան։
Նախորդ գիշերը՝ մարտի 27-ի լույս 28-ին, անհայտ անձինք կրակ էին բացել Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի սահմանի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա ու դիմել փախուստի՝ արդյունքում վիրավորելով երկու ոստիկանի։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները առնվազն երեքն էին, ունեին ավտոմատներ և տեղափոխվում էին մեքենայով։
2022-ի նոյեմբերին Չեչնիայում՝ Ինգուշեթիայի սահմանի մոտ, անհայտ անձինք բնակելի շենքի բակում կրակել էին մեքենայի վրա՝ վիրավորելով վարորդին:
Նույն ժամանակահատվածում Գրոզնիի կենտրոնում նույնպես հարձակվել էին ոստիկանների վրա: Ըստ պաշտոնական տվյալների՝ 19-ամյա բնակիչը դանակով սպանել էր մի ոստիկանի, վերցրել նրա զենքը և փոխհրաձգություն սկսել մեկ այլ ոստիկանի հետ, ինչի ընթացքում երիտասարդը զոհվել էր: