Չեչնիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ 2000 թվականի փետրվարին Նովիե Ալդի գյուղի զանգվածային սպանությունների գործով հետաքննությունը կվերականգնվի։
Այս որոշմամբ գերատեսչությունը չեղարկել է ավելի վաղ Գրոզնիի Ստարոպրոմիսլովյան շրջանային դատարանի դեպքի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մերժումը։ Արդեն ավելի քան 20 տարի է ռուս իրավապահ մարմինները չեն կարողանում պարզել՝ ով է հարձակվել գյուղի վրա և սպանել 60 հոգու, հաղորդում է Кавказ.Реалии գործակալությունը։
Ստարոպրոմիսլովյան դատարանի հատուկ վտանգավոր դեպքերի հետաքննության բաժնի քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկել էին Նոր Ալդիի երկու բնակիչներ՝ Աբուլհասան Հայդաևը և Այսեթ Մուսոստովը։
Չեչնիայի Գերագույն դատարանում դատախազությունը հայցում էր անփոփոխ թողնել քննիչի որոշումը, քանի որ «հանցագործության հաղորդմամբ ստուգումները իրականացվել էին լիարժեք ծավալով և քննիչի կայացրած ընթացակարգային որոշումը համապատասխանում է օրենքի պահանջին»։
Այնուամենայնիվ, երկրի գերագույն դատարանը հաստատել է, որ «զանգվածային սպանություններ իրականացրած անձինք, զենք գործածելու սպառնալիքի տակ, տեղի բնակիչներին վախեցնելու նպատակով՝ սպանելով բացահայտ գողանում և ոչնչնացնում էին նրանց փաստաթղթերը, սեփականությունն ու անասուններին, այրում տներն ու տնտեսական կառույցները։ Սակայն, այս անձանց ապօրինի գործողությունները որակվել են «Գողություն», «Գույքի դիտավորյալ ոչնչացում», «Կողոպուտ», «Փաստաթղթերի հափշտակում» հոդվածներով, և այս հանգամանքներով քրեական գործի հարուցումը դատարանում անօրինական կերպով մերժվել է՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ»։
Արդյունքում բնակիչների՝ Հայդաևի և Մուսոստովի, հայցերը ուղարկվել են Գրոզնիի Ստարոպրոմիսլովյան դատարան՝ վերաքննության նպատակով, իսկ դատարանի նախորդ որոշումը կասեցվել է։
2000 թվականի փետրվարի 5-ին չեչենական Ալդի գյուղում Սանկտ Պետերբուրգի և Ռյազանի մարզի ОМОН (հատուկ նշանակության ջոկատ) ուժերը անձնագրային ռեժիմի ստուգումներ էին անցկացնում։ Ականատեսների խոսքերով՝ նշված հատուկ օպերացիային մասնակցում էին ինչպես երիտասարդներ՝ ակնհայտորեն ժամկետայիններ, այնպես էլ ավելի հասուն տարիքի անձինք, որոնք, հավանաբար, պայմանագրային զինծառայողներ կամ երկրի ՆԳՆ հատուկ ջոկատների աշխատակիցներ էին։ Ըստ ականատեսների և տուժածների՝ հանցագործությունների հեղինակները հենց ուժայիններն էին։
Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին տվյալները տատանվում են 56-ից 82-ը, այդ թվում՝ առնվազն մեկ կրծքի տարիքի երեխա, 9 կանայք և 11 տարեցներ։
2007 թվականի հուլիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նոր Ալդիում խաղաղ բնակիչների զանգվածային գնդակահարությունների վերաբերյալ քննություն է անցկացրել՝ «Մուսաևը և ուրիշները Ռուսաստանի դեմ» գործի շրջանակներում։ Չեչնիայից Եվրոպական դատարան դիմած սպանվածների 20 հարազատներ դրամական փոխհատուցում են ստացել՝ ընդհանուր առմամբ 285 հազար եվրոյի չափով։