Home / Մշակույթ / Հները փակվելու են

Հները փակվելու են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակել է կարուսելների անվտանգ շահագործման նոր կանոնակարգի նախագիծ, որով նախատեսվում է արգելել 15 և ավելի տարի շահագործվող ատրակցիոնները։ Այդպիսիք Հայաստանում 80-90 տոկոս են կազմում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ ՏԵխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը պարզաբանել էր՝ Հայաստանի ատրակցիոնների 80-ից ավել տոկոսը տեղադրվել ու շահագործվում է 1990 թ-ից առաջ։

Կառավարությունում դեռ հստակ չեն կողմնորոշվել՝ 15 տարին հաշվել շահագործման, թե արտադրության օրվանից սկսած։ Այս հարցով քննարկումները դեռ ընթացքի մեջ են։

Գործող օրենքով շահագործման առավելագույն ժամկետ սահմանված չէ։ Կարուսելներն ու ատրակցիոնները կարող են ամեն տարի փորձաքննություն անցնել և դրական եզրակացություն ստանալու դեպքում աշխատել ևս մեկ տարի։

Եթե տարեկան փորձաքննության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ, և ատրակցիոնը ստանում է փորձաքննության բացասական եզրակացություն, այն զրկվում է շահագործման իրավունքից մինչև թերությունը վերացնելը։ Ոչ վտանգավոր թերությունների շտկման համար շահագործումը չի դադարեցվում, բայց տրվում է ժամկետ` 20-30 օր։ Դրանից հետո իրականացվում է կրկնակի փորձաքննություն։

2022թ-ի նոյեմբերի 24-ին Երևանի օղակաձև այգու տարածքում գործող «Լունապարկում» ատրակցիոններից մեկի պտտվող նստարանը շահագործման ընթացքում պոկվել էր ու 6 մետրից շպրտվել։ Միջադեպի հետևանքով ՌԴ 29-ամյա մի քաղաքացի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքից հետո կատարված փորձաքննությունը բացահայտել է գործարանային դեֆեկտ, որը չէր հայտնաբերվել նախորդ տեխնիկական փորձաքննությունների ժամանակ։ Պրոֆիլային կենտրոնի մասնագետը պնդում է, որ դա նորմալ է՝ միկրոճաքը նույնիսկ խոշորացույցով հնարավոր չէ տեսնել։ Շարժման ընթացքում այն, ըստ ամենայնի, աստիճանաբար մեծացել է և հանգեցրել նրան հետևանքների։

Մայրաքաղաքում վերջերս բացված Երևան պարկը, որը հագեցած է նոր ատրակցիոններով,  մուտքի համար պահանջում է 12 հազար դրամ (մեկ անձից)։ 12 հազար դրամը Հայաստանում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ավելի քան 15 տոկոսն է։