Home / Բանակ / Եթե չեն հասկանում, թող մեր օրն ընկնեն

Եթե չեն հասկանում, թող մեր օրն ընկնեն

Առավոտվանից մոտ երեք տասնյակ կանայք և տղամարդիկ փակել էին Բաղրամյան պողոտան։

Խցանման մեջ մնացած մարդիկ փնթփնթում և վիրավորում էին ճամփա փակողներին։ «Շատերը չգիտեն՝ ինչի համար ենք դուրս եկել, մեզ խառնում են ընդդիմադիրների հետ․ մենք էդ քաղաքականության հետ կապ չունենք», – բացատրում էր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կանգնած մարդը։ Նրա որդին Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկն է։

Ադրբեջանում պահվող հայ զինվորականների ցանկում Զանգելանից 2020-ի հեոկտեմբերի 19-20-ին անհետացած տղաները չկան։ Ծնողներից շատերը, ամեն դեպքում, վստահ են՝ իրենց որդիները գերի են ընկել և տարվել Բաքու։ Նրանցից ոմանք իրենց երեխաներին գտել/նույնականացրել են տեսանյութերում, որոնք տարածվել են ադրբեջանական ալիքներով։

Ծնողները բոլոր նյութերն ու փաստերը ուղարկել են վարչապետին և քննչական կառույցներին, արդեն մոտ 3 տարի է պատասխանի և կոնկրետ քայլերի են սպասում։ Այս ընթացքում նրանց մի քանի անգամ խոստացել են, որ «կզբաղվեն», «կաշխատեն», «կընդունեն», «կպահեն ուշադրության կենտրոնում»` համոզելով վշտացած և զայրացած մարդկանց լքել փողոցը և սպասել։ Վերջին անգամ սա տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ։ Այժմ անհետ կորածների հարազատներն անժամկետ նստացույց են հայտարարում։

Տեսնելով քոչարյանական, դաշնակցական, սերժական մամուլի ակտիվությունը փակ խաչմերուկում՝ անցորդներից ոմանք բարձրաձայն դժգոհում էին «բոշաներից», «սադրիչներից»։ Լեզվակռիվները պարբերաբար թեժանում էին և հանգչում ոստիկանների միջամտությունից հետո։ «Եթե մարդիկ չեն հասկանում մեր իրավիճակը, եթե ունակ չեն ապրումակցել մեզ, թող մեր օրն ընկնեն, որ հասկանան։ Ես ժողովրդին չեմ հասկանում», – անցորդներին պատասխանում էր լրագրողներով շրջապատված կինը, ով համոզված էր՝ իր որդին անպայման կվերադառնա երկու երեխաների, հարսի և իր մոտ։

Մի քանի ժամ անց զինծառայողների ծնողները բացեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը․ ՆԳՆ պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հորդորով ծնողները գնում են իր հետ խոսելու։ Ցուցարարների պահանջը մնում է նույնը՝ հանդիպում Փաշինյանի հետ․ «Պետք լինի, հետ կգանք, նորից կփակենք Բաղրամյանը»։

տե՛ս

Տեսե՞լ ես մի մեծահարուստի երեխա զոհվի․ անտեսված ծնողները կրկին փողոցում են

40 երեխա տարան կորցրեցին․ կանայք փակել էին Բաղրամյանը