Հունիսի 2-ին Մեքսիկայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է Կլաուդիա Շեյնբաում Պարդոն։ Երկրի պատմության մեջ առաջին կին նախագահը ներկայացնում է Sigamos Haciendo Historia («Շարունակենք պատմություն կերտել») կոալիցիան, որի կազմում են ձախական երեք կուսակցություններ, այդ թվում՝ գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Մորենո» կուսկցությունը։
Ընտրություններից ժամեր անց սպանել են Կոտիխայի քաղաքպետ Յոլանդա Սանչեսին։ Մայիսի 29-ին էլ սպանել էին Կոյուկա-դե-Բենիտես քաղաքի վարչակազմի ղեկավարի թեկնածու Ալֆրեդո Կաբրերային։
Integralia գործակալության տվյալներով, Կաբրերան 2024 թվականին ընթացող քարոզարշավի 36-րդ զոհն էր։
Սպանությունների հետևում մեքսիկական կարտելներն են՝ կազմակերպված հանցախմբեր, որոնք զբաղվում են թրմանյութերի արտադրությամբ և վաճառքով, մարդկանց են առևանգում, զբաղվում են ռեյդերով։ Կոնկրետ որ կարտելն է պատասխանատու վերջին սպանությունների համար՝ պաշտոնապես չի հայտարարվել։ Տեղական մամուլը գրում է «Խալիսկոյի նոր սերունդ» (CJNG) խմբավորման մասին, որը հայտնի է իր վերահսկողության տակ չգտնվող քաղաքական գործիչների սպանություններով։ Ընտրություններից հետո սպանված քաղաքապետին անցած տարի նաև առևանգել էին, փրկվելուց հետո նա պատմել էր՝ խմբավորման պարագլուխները պահանջել են քաղաքի պաշտպանությունը հանձնել իրենց ենթակա ոստիկաններին։
պարտված թեկնածուի հույսը ուժայիններն էին
Նախագահական աթոռի համար հիմնական պայքարը երկու կին թեկնածուների միջև էր։
Բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավներն ուղեկցվում էին հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խոստումներով։ Կլաուդիա Շեյնբաում Պարդոն՝ շարունակելով նախորդ նախագահի գիծը, շեշտը աղքատության հաղթահարման վրա էր դնում, նրա մրցակիցները՝ ավելի շատ ոստիկանության և հատուկ ծառայությունների հզորացման։
Ժողովրդականություն վայելող երկրորդ թեկնածուն քաղաքական գործիչ և գործարար Քսոչիթլ Գալվեսն էր, ով 2018-2023 թվականներին Մեքսիկայի Կոնգրեսի սենատոր է եղել։ Գալվեսի նախընտրական խոստումները մեծամասամբ վերաբերում էին անվտանգային հարցերին։ Նա դեմ էր նախկին նախագահի «գրկախառնություններ փամփուշտների փոխարեն» սկզբունքին և առաջարկում էր երկրի նահանգներում ուժեղացնել ոստիկանական վերահսկողությունը, բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը, հիմնել համալսարաններ սկսնակ ոստիկանների համար, նահանգներին ավելի շատ ռեսուրսներ հատկացնել հանցավորության դեմ պայքարում։ Գալվեսը խոստանում էր մեծացնել դատավորների և դատախազների թիվը, ընդլայնել Մեքսիկայի Ազգային գվարդիան, համագործակցել ԱՄՆ-ի հետ թմրանյութերի դեմ պայքարում, կառուցել ուժեղ վերահսկողությամբ նոր բանտ։
Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կառավարման շրջանն ամենաարյունալիներից է համարվում։ 2018-ից 2022 թվականների ընթացքում տարեկան դիտավորյալ սպանությունների թիվն անցնում էր 30 հազարը։ Պիկը 2020 թվականն էր, երբ երկրում 36 773 մարդ էին սպանել։
Ո՞վ է նոր նախագահը
61-ամյա Կլաուդիա Շեյնբաումը բիոինժեներիայի պրոֆեսոր է, նախկինում զբաղեցրել է ավելի քան 9 միլիոն բնակչությամբ Մեխիկոյի քաղաքապետի պաշտոնը։
Կլաուդիա Շեյնբաումն իր պաշտոնավարումը սկսում է Մեքսիկայի համար բավականին ծանր պայմաններում. բնակչության 36 տոկոսն աղքատության շեմին է, կնասպանությունների թիվը գնալով աճում է, հանցավոր խմբավորումների կողմից բռնությունները շարունակվում են, մեծանում է լարվածությունը Միացյալ Նահանգների հետ սահմանին։
Նախորդ վեց տարիներին երկիրը ղեկավարում էր Շեյնբաումի կուսակից Անդրես Մանուել Լոպես Օբրադորը (Ամլո), ում հաջողվել էր կայունացնել տնտեսությունն ու լավատեսություն ներշնչել բնակչությանը։ Երկրում նախագահության ժամկետը վեց տարի է. Ամլոն այլևս առաջադրվել չէր կարող։ Շեյնբաումի հաղթանակը մենկնաբանվում է նաև նախորդ նախագահի նկատմամբ տեղացիների վստահությամբ։
61-ամյա Կլաուդիա Շեյնբաումը՝ ձախից, 70-ամյա Անդրես Մանուել Լոպես Օբրադորը (Ամլո)՝ աջից
Կլաուդիա Շեյնբաումը ծնվել է 1962 թվականին ձախ ակտիվիստ գիտնականների ընտանիքում։ Մեծացել է Մեքսիկայի հարավում՝ մեծամասամբ միջին դասի հարուստ սեգմենտով բնակեցված շրջանում։
Ծնողները Կլաուդիային հաճախ իրենց հետ տանում էին բանտեր` իրենց ակտիվիստ ընկերներին տեսակցության։ Կլաուդիան իրեն «68-ի դուստր» է անվանում, հղվելով պրոտեստային շարժումներին, որոնցում ակտիվորեն մասնակցել են իր ծնողները։
1980-ականներին կոռուպցիոն սկանդալները ստվերում էին Մեքսիկայի հին քաղաքական դասը։ Երկրում գործի էր դրվում նեոլիբերալ տնտեսական մոդելը, որը ենթադրում էր պետական տնտեսական աջակցության կրճատում ի օգուտ մասնավոր սեկտորի։
Կլաուդիա Շեյնբաումը՝ 1991 թվականի ուսանողական պրոտեստների ժամանակ
2000-ականներին, երկրի պատմության վերջին 70 տարիների ընթացքում առաջին անգամ իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ) պարտվել էր «Ալյանս հանուն փոփոխության» դաշինքին։
2000 թվականին Մեխիկոյի քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր ձախ քաղաքական գործիչ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը` երկրի հարավում գտնվող Տաբասկո աղքատ շրջանից։ Շեյնբաումն ու Ամլոն ծանոթացել են հենց այդ ժամանակ, երբ Ազգային Ավիացիոն համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսորներից մեկն առաջադրել էր Կլաուդիայի թեկնածությունը քաղաքային նոր ադմինիստրացիայում շրջակա միջավայրի պատասխանատուի պաշտոնում։ Պաշտոնավարման տարիներին Շեյնբաումին հաջողվել էր հասնել իր առաջ դրված երկու առանցքային նպատակներին. իջեցնել օդի աղտոտվածության մակարդակը Մեխիկոյում, որն այդ ժամանակ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների շարքում էր, և կառուցել մայրաքաղաքի գլխավոր մայրուղու երկրորդ մակարդակը։
2006 թվականի ընտրություններում Ամլոյի ադմինիստրացիայի պարտությունից հետո Շեյնբաումը վերադարձել էր գիտական աշխատանքին։ Թիմը, որին անդամակցում էր ապագա նախագահը, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` կլիմայական փոփոխությունների ուսումնասիրությունների համար։
Ամլոյի նախագահական արշավների ժամանակ Շեյնբաումը շտաբի կազմում էր։ 2015-ին հաղթել է Տլալպանի` Մեխիկոյի ամենամեծ թաղամասի ադմինիստրացիայի ղեկավարի ընտրություններում։ Երեք տարի անց, երբ Ամլոն ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, Շեյնբաումը դարձավ Մեխիկոյի քաղաքապետը. պաշտոն, որը պատմականորեն հաճախ զբաղեցնում են ապագա նախագահները։
Քաղաքային ադմինիստրացիան ղեկավարելու տարիներին Շեյնբաումը բազմիցս քննադատությունների է արժանացել շինարարական բացթողումների համար։ Օրինակ, 2017-ին երկրաշարժի հետևանքով փլված դպրոցի շենքում 17 երեխա է մահացել։ Քաղաքապետին մեղադրում էին դպրոցի շինության վթարային վիճակը սխալ գնահատելու և երեխաներին այդ շենքում թողնելու մեջ։ Եվս մեկ նման դեպք էր մետրոյում տեղի ունեցած վթարը, որը 27 կյանք էր խմել։ Այդ դեպքում ևս Շեյնբաումի ադմինիստրացիային մեղադրում էին շինարարական աշխատանքների որակի գնահատման սխալների մեջ։ Նախկին նախագահի ընդդիմախոսները Կլաուդիային «Ամլոյի խամաճիկն» են համարում։ Ոմանք պնդում են, որ նրա գիտական աշխատություններում պլագիատ է հայտնաբերվել, ապացուցներ, սակայն, չունեն։