Home / Բանակ / Զինվոր Վարյանի խոշտանգման փաստը ապացուցման կարիք չունի․ վճիռ

Զինվոր Վարյանի խոշտանգման փաստը ապացուցման կարիք չունի․ վճիռ

Հայաստանի Հանրապետությունը խախտել է Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպանված Տիգրան Վարյանի կյանքի իրավունքը և նրա մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն չի անցկացրել՝ վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և պարտավորեցրել 30 հազար եվրո վճարել ոչ մարտական պայմաններում զոհված զինվորի հորը՝ Վանո Վարյանին։

Տիգրանը ծառայել է «Եղնիկներ» զորամասում, սպանվել է 2012-ի փետրվարի 29-ին։ Նույն թվականի փետրվարի 13-ին զորամասի հրամանատարը՝ հաշվի չառնելով, որ Տիգրանը զորակոչվել է ոչ շարային զինծառայության, նրան ընդգրկել է հրետանային մարտկոցի անձնակազմում:

Հերթապահության ժամանակ Վարյանը քնել է, ինչի պատճառով կրտսեր սերժանտ Էրիկ Սարգսյանը նախատել է նրան և հայհոյել, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանը ոտքով հարվածել է Տիգրանի գլխին: Նույն ժամանակահատվածում զինվորը գնացել է զուգարան, մթության պատճառով կեղտոտել է զուգարանի ոտնատեղերը։ Վարյանը սերժանտ Սարգսյանը կողմից ենթարկվել է հալածանքի:

Սերժանտի թելադրանքով զինծառայող Հակոբյանը Տիգրանին, որպես պատիժ, հանձնարարել է առանձին տեղում զուգարանի համար փոս փորել, իսկ կրտսեր սերժանտը հայհոյել է Վարյանին՝ դիտակետի տարածքը լավ չմաքրելու համար, բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին և ստիպել է կրկին մաքրել: 2012-ի փետրվարի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հակոբյանը լքել է մարտական հերթապահությունը և վերադարձել է միայն ժամը 21:00-ի սահմաններում։

Փետրվարի 29-ին գտել են Տիգրանի դին։

Գործով քննիչ Յուրա Բադալյանը մահն ինքնասպանություն է որակել: Դատաբժշկական քննությունը, սակայն, ցույց է տվել, որ զինվորի դեմքի տարբեր շրջաններում՝ շրթունքների մոտ, ծնոտի ներքևի հատվածում, քթի ստորին հատվածից մի քանի սանտիմետր ներքև և ձախ մասում հայտնաբերվել են տարբեր չափերի վնասվածքներ, որոնք հասցվել են բութ առարկայով մահվանից կարճ ժամանակ առաջ:

Ըստ զինվորական փորձագետի՝ անհնար է, որ վնասվածքները հասցված լինեն ձեռքով: Այս տեսակետի հետ համաձայնել է նաև ռազմական բժիշկը, որը ներկա է եղել զննությանը:

Այնուամենայնիվ 2013-ի օգոստոսի 6-ին առաջին ատյանի դատարանը որոշել է Հովհաննես Հակոբյանին, Գևորգ Մանուկյանին և Էրիկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Տիգրանին ինքնասպանության հասցնելու համար։ Սարգսյանն ու Մանուկյանը դատապարտվել են 4-ական ամսվա, իսկ Հովհաննես Հակոբյանը՝ 4.5 տարվա ազատազրկման։

Դեռևս առաջին ատյանի դատարանում Տիգրանի հոր՝ Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նշել էր, որ զինվորի ինքնասպանության վարկածը ևˊ նախաքննությամբ, ևˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել:

Վերաքննիչ քրեական դատարանը 2013-ի հոկտեմբերի 28-ին օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ վճռաբեկը հետ է ուղարկել Վարյանի ներկայացուցչի բողոքը, որից հետո նա դիմել է ՄԻԵԴ։

2024թ․ հունիսի 4-ին Եվրոդատարանը «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է՝ Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, ու 13-րդ հոդվածը՝ արդար փոխհատուցման իրավունքը։ Վճռի մեջ ընդգծվել է, որ խոշտանգման փաստը ապացուցման կարիք չունի։

Արձանագրվել է նաև, որ Հայաստանի իշխանությունները զոհված զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել, ի թիվս այլի՝ չեն պարզել, որտեղից են զինվորի մարմնի վրա ոչ բալիստիկ վնասվածքները։

Եզրակացության մեջ ասվում է, որ Տիգրանը հաճախ մարտական հերթապահություն է արել այլ զինվորների փոխարեն, ինչպես նաև հարկադրված է եղել առանց ընդմիջումների կատարել մաքրության մեծ մասը։

Այս ամենից զատ նրա ծառայակիցները և անմիջական ղեկավար ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանն այն աստիճանի են ծաղրել և բռնության ենթարկել զինծառայողին, որ վերջինս նրանցից խուսափելու համար նախընտրել է մարտական հերթապահությունը։

Չնայած կառավարության պնդումներին, թե ինքը պատասխանատու չէ Տիգրանի մահվան համար, քանի որ ինքնասպանության նախանշաններ չեն եղել, դատարանն, այնուամենայնիվ, հիշեցրել է՝ «պետությունը պատասխանատու է այն զոհերի համար, ովքեր ինքնասպանության են հասցվել բռնության և դաժան վերաբերմունքի հետևանքով»։

ՀՔԱՎ-ի փաստաբան Անի Չատինյանի խոսքով, այս գործը հերթական ապացույցն է, որ պետությունը չի պաշտպանում իր իրավազորության տակ գտնվող անձանց իրավունքները։ «Կյանքի իրավունքի պաշտպանության շրջանակներում պետությունն ունի երկու կարևորագույն պարտավորություն․ առաջինը՝ անմիջականորեն զերծ մնալ կյանքի իրավունքը խախտելուց, մյուսը՝ եթե այնուամենայնիվ տեղի է ունեցել իրավունքի խախտում, ապա գործուն և արդյունավետ քննություն իրականացնել, բացահայտել մեղավորներին և համարժեք պատիժ ու փոխհատուցում նշանակել, ինչը Տիգրանի գործով չի եղել, որի արդյունքում էլ ունենք այսօր հրապարակված ՄԻԵԴ-ի վճիռը», – ասել է Չատինյանը։