ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել 2012 թվականի մարտին զոհված զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի գործով նրա հոր՝ Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքը։ Տուժող կողմն այժմ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նշելով, որ Հայաստանում չի հաջողվել արդարադատության հասնել։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր վճռաբեկ բողքում պահանջում էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր կազմով քննության: Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել 2013թ. օգոստոսի 6-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մեղավոր էր ճանաչել Հովհաննես Հակոբյանին, Գևորգ Մանուկյանին և Էրիկ Սարգսյանին: Նրանք մեղադրվում էին զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ։ Սարգսյանն ու Մանուկյանը դատապարտվել էին 4-ական ամսվա, իսկ Հովհաննես Հակոբյանը՝ 4.5 տարվա ազատազրկման։ Դեռևս առաջին ատյանի դատարանում Սաքունցը նշել էր, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը ևˊ նախաքննությամբ, ևˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել:
Նշենք, որ սպանությունից անմիջապես հետո Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ինքնասպանության մասին վարկածն արժանահավատ չէ։
Նա մասնակցել էր Վարյանի դիահերձմանը, որից հետո Epress.am-ի հետ զրույցում նշել էր, թե դիահերձումը ցույց է տվել՝ զինվորի դեմքի տարբեր շրջաններում, շրթունքների շրջանում, ծնոտի ներքևի հատվածում, քթի ստորին հատվածից մի քանի սանտիմետր ներքև և ձախ մասում հայտնաբերվել են տարբեր չափերի վնասվածներ, որոնք առաջացել են մահվանից կարճ ժամանակ առաջ` սահմանափակ մակերեսով բութ առարկայով:
Զինվորական փորձագետը հայտնել էր, որ փորձաքննությունից հետո ինքը եզրակացության մեջ գրել է, որ, դատելով վնասվածքներից, անհնար է, որ դրանք հասցված լինեն ձեռքով: Նա նշել էր, որ այդ տեսակետի հետ համաձայնել է ռազմական բժիշկ Սևոյանը, ով ներկա է եղել զննությանը:
«Կարելի է ենթադրել, որ ծեծին հաջորդել է կրակոցը, այսինքն` ինքնասպանությունը բացառվում է, սա դիտավորյալ սպանություն է: Հաղորդագրության մեջ պետք է գրեին` սպանություն չճշտված պայմաններում հարուցված հրազենային վնասվածքից, իսկ նախնական վարկածով դեպքը ինքնասպանություն որակելը հանցագործություն է», – ասել էր ռազմական փորձագետը: