Home / Բանտ / Ադրբեջանական բանտից՝ Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանական բանտից՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքագետ, հետազոտող, հակապատերազմական ակտիվիստ Բահրուզ Սամեդովը, որին Ադրբեջանը մեղադրում է պետական դավաճանության մեջ՝ «հայերի հետ շփվելու» համար, բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բաքվի բանտից ուղարկված նամակը հայտնվել է Jam News-ի ռուսալեզու կայքում, հայերեն թարգմանությունը հրապարակվել է Factor TV-ում։ Վերահրատարակում ենք այն առանց կրճատումների։

— Պարո՛ն վարչապետ,

Խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար, և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։

Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։

Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։

Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ․

Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։
Եղեգը շատ է, ժայռը՝ ընդարձակ․
Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը՝ առանց բռնության,
Առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։
Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք,
Եվ բոլորդ՝ միաբան, ծխեք Խաղաղության սրբազան սրինգը։

Հարգանքով՝ Բահրուզ Սամադով։

490998640_651887577612185_7897101785574462168_n
լուսանկարը՝ Factor TV-ից (բանաստեղծության ռուսերեն թարգմանությունը չի համընկնում Factor TV-ի ներկայացրած՝ հայերեն թարգմանության հետ)

_____

Բահրուզ Սամեդովը Կենտրոնական եվրոպական համալսարանի շրջանավարտ է, Կառլովի համալսարանի ասպիրանտ։ Որպես հետազոտող՝ ուսումնասիրում է Ադրբեջանի քաղաքական դիսկուրսները, հայտնի է իր քննադատական հրապարակախոսություններով։ Մասնակցել է միջազգային կազմակերպությունների հրապարակային խաղաղաշինական նախաձեռնություններին։ 

2024-ի ամռանը Սամեդովը գնացել էր Բաքու՝ տեսակցելու տատիկին։ Նրան ձերբակալել են և մեղադրել հայերի հետ նամակագրություններ վարելու, հակապետական հոդվածներ գրելու մեջ։ Հետագայում մեղադրանքը իրավական ձևակերպում է ստացել՝ պետական դավաճանություն։ Դատախազությունը հայտարարել է, թե Սամեդովը կապեր է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ։ Բահրուզն այս մեղադրանքը աբսուրդային է անվանել։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան ճանաչել են խղճի բանտարկյալ, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցներն ի պատասխան վարկաբեկման արշավ են սկսել նրա դեմ՝ հայազգի կոլեգաների հետ նրա (այդ թվում նաև հրապարակային) շփումները ներկայացնելով որպես լրտեսության ապացույց։