Ռուզան Պետրոսյան
«…շատ ուշ է»
վիդեո ինստալացիա
«Իրադարձությունների հորիզոն» խմբակային ցուցահանդեսից, ՆՓԱԿ, 12․04-23․05․2025
գործի նկարագրությունից․
«Իրադարձությունների հորիզոնը կետ է, որից այն կողմ չկա վերադարձ: Այն հիշեցնում է մեզ սահմանների մասին՝ թե՛ տիեզերական, թե՛ մարդկային: Բայց ի՞նչ սահման ունի առողջությունը, երբ այն կախված է թվերից:
Այս ինստալացիան ներկայացնում է մի իրականություն, որտեղ հիվանդի բուժումը վերածվել է ֆինանսական փորձության: Այն ընդգծում է համակարգի անարդարությունն ու որևէ բան փոխելու անհնարինությունը:
Վերջերս ես կորցրի եղբորս: Չեմ կարող հստակ ասել՝ կկարողանային արդյոք բժիշկները փրկել նրան կամ գոնե երկարացնել նրա կյանքը: Բայց այն, ինչ տեսա առողջական համակարգում, սարսափելի էր։ Բժշկությունն այն ոլորտն է, որտեղ կյանքը պետք է առաջնային լինի, բայց Հայաստանում այն վերածվել է սոսկ բիզնեսի: Երբ աշխատավարձերն անհամեմատ փոքր են բուժման ահռելի ծախսերի համեմատ, երբ կյանքը վերածվում է թվերի, իսկ բուժումը՝ խորը ֆինանսական ճգնաժամի, առողջությունը դադարում է լինել իրավունք, դառնում է շքեղություն:
Այս աշխատանքը փորձ է վերհանել այն համակարգը, որտեղ մարդկային կյանքը կախված է գումարի թվերից, որտեղ բուժվելը հավասարազոր է սնանկացմանը, իսկ հիվանդությունը վերածվում է առևտրի։ Հայաստանի առողջապահական համակարգը մարդկանց կանգնեցնում է սոցիալական իրադարձությունների հորիզոնին՝ կետ, որից այն կողմ ելք չկա։
Ինստալացիան վիզուալ կերպով ներկայացնում է այս անհավասարակշռությունը հիվանդանոցային վճարների, դեղերի և աշխատավարձերի թվերի միջոցով` հրավիրելով դիտողին համեմատության և ինքնաարտացոլման:
Պատի վրա կախված թղթերը հիշեցնում են ՀԴՄ կտրոններ, որտեղ նշված են հիվանդանոցի ծախսերը, բուժման և դեղորայքի գները, նաև՝ աշխատավարձի չափը։
Այս նեղ ու երկար կտրոնները ժամանակի ու արժեքի վկայություններ են, որոնք սովորաբար թաքցնում ենք գրպաններում կամ դեն նետում:
Իրադարձությունների հորիզոնը այստեղ դառնում է մետաֆոր, արդյո՞ք ապրելու համար վճարելն արդար է»։
Ռուզան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից․
(փետրվարի 4, 2025)
— մեկ ամիս առաջ բժիշկների «թեթև ձեռքով» եղբայրս հեռացավ կյանքից։ ներկայիս ակտուալ թեմաները շեղում են նկատել զուգահեռ մի շատ ավելի մեծ խնդիր, որի ականատեսը լինում ես, երբ կյանքի դաժան օրենքը քեզ նրանց դուռն է հասցնում։ բժշկությունն այնպիսի բան է, մաթեմատիկա չէ. ցանկացած բժիշկ կարող է իր սխալի տակից դուրս գալ և, մասնագիտորեն տերմինաբանական պղպջակներից կախվելով, հիմնավորումներ ներկայացնել: այս պահին սրա մասին չեմ ուզում խոսել, որովհետև նաև չեմ ժխտում՝ կար հիվանդություն, գուցե բանը նաև ոսկորին էր հասել, սակայն նաև չեմ ժխտում, որ կար նաև ոչ ադեկվատ բժիշկ, ում մոտ պակասում էր քաղաքակիրթ վերաբերմունքը և հիվանդի տերերի հանդեպ մարդկային մոտեցումը․․․ երբեմնի անտարբերությունը։
դեկտեմբերի գիշերը, շաբաթ կիրակի, երբ եղբայրս տանջվում էր ցավերից, բժիշկն իր նախատոնական խոզի Բուդն էր հավանաբար պատրաստում։ իսկ հերթապահ անփորձ պարմանուհի բժիշկը մի գլուխ ցավազրկող էր առաջարկում։ երբ բանը հասնում է ոսկորին, իրենց անգիր արած մրմջոցն է միայն լսվում` էս հիվանդության դեպքում ցավերը նորմալ են: մի օր ցավերից տանջվելուց հետո, երբ ասում ես՝ ԿՏ անեն, որպեսզի գոնե իմանան ինչից է, ասում են՝ ԿՏ-ի ապարատը շաբաթ-կիրակի չի աշխատում։ այսինքն, տանջվի մինչև երկուշաբթի։
արդյոք հնարավո՞ր էր փրկել կամ գոնե որոշ ժամանակ երկայացնել եղբորս կյանքը, դա միայն Աստված գիտի։ բժիշկների որակի մասին գուցե մի ուրիշ անգամ (չեմ ուզում նաև բացառել, որ ունենք նաև փայլուն մարդ-բժիշներ)։ հիմա․․․
ինչպիսի՞ն է Հայաստանում բժշկական համակարգը։ ի՞նչ է կատարվում հիվանդանոցներում։ Մեղմ ասած՝ ԳՌՓՈՑԻ!!
արդյոք #Առողջապահության_նախարարությունը տեղյա՞կ է, ծանո՞թ է հիվանդի ոդիսականին։ արդյոք պատկերացում ունի՞ իր հիմնած սիստեմից։ արդյոք փորձու՞մ է թեթև պատկերացնել հիվանդանոցում հայտնված հիվանդի վիճակը։ հետաքրքիր է՝ ձեր դեպքում ինչպե՞ս է։
սեղմ, չոր ներկայացնեմ եղբորս դեպքը.
առաջին օր #Միքայելյան_հիվանդանոցում․ գաստրոէնտերոլոգի մոտ կոնսուլտացիա՝ 25 000 դրամ, տարբեր հետազոտումներ` 243 000 դրամ, որից 120հզ-ը անհրաժեշտ չէր, քանի որ արդեն իսկ նրանց պարզ էր, որ իրենց հիվանդը չէ։ քանի եկել եք, գռփենք։
ևս մի քանի օր ձգոցի․․․
հետազոտություներ N2․ 200 000 դրամ , որը պարզապես օրերի կորուստ էր, քանի որ հետազոտության պատասխանը նույնիսկ մեր բժիշկին չհետաքրքրեց։
հաջորդ փուլ
#Արյունաբանական_կենտոր․ բժիշկն առաջարկում է ստացիոնար բուժումներ անել հիվանդանոցային պայմաններում, որի արժեքը 280 000 դրամ է, որի մեջ մտնում է բուժումները և դեղերը՝ բացի քիմիայից։
(քիմիան պիտի ընդունի վեց անգամ, յուրաքանչյուրի արժեքը՝ 550 000 դրամ)
ի՞նչ է տեղի ունենում։
հիվանդանոցը, որ յուրաքանչյուր հիվանդից գռփում է նույնքան և ավել գումար, տարրական պայմաններ չունի, վերելակները չեն աշխատում, միայն աշխատակազմի համար հատուկ վերելակներն են գործում, որոնց չիպերն աշխատողների մոտ են։ ժամերով պիտի փնտրես մինչև բացեն վերելակը (նման ծանր հիվանդները երբեմն պիտի իջնեն առաջին հարկ հետազոտությունների, որոնց ի դեպ հիվանդի տերերն են ուղեկցում)։ հիվանդանոցի հարկերի միջանցքներում չկա գոնե ջրի ապարատ, նստելու աթոռ, պալատում հիվանդապահի համար միջին պայման։ ընդամենը չոր աթոռ։ դեռ ավելին՝ բաժինը չունի նորմալ աշխատող ջերմաչափ, յուրաքանչյուր հիվանդի ասում են՝ բերի հետը, օրական բուժման դեղերի մեծ մասը հիվանդապահը գնում է իր հաշվին (4 000-25 000 դրամ արժողությամբ), բայց նախքան ընդունվելն այլ բան էր ասվել․․․
հարց եմ ուզում տալ, հարգելի Առողջապահության նախարարություն , Անահիտ Ավանեսյան, կառավարություն, Նիկոլ Փաշինյան և այլն, հաշվեցի՞ք ծախսը , եթե ՀՀ որևէ քաղաքացի չունի այդքան գումար կամ ապրում է մենակ, չունի դրսից որևէ հարազատ օգնող, ի՞նչ է լինելու նրա հետ։
սա խայտառակություն է։ ինչո՞ւ չեք վերանայում բժշկական համակարգը, ինչո՞ւ հնարավոր չէ 100% բժշկական ապահովագրությամբ բուժվել։
ի՞նչ հիմքերով և հաշվարկով եք սահմանել այդ գռփոցին, ե՞րբ է վերահսկվելու այն․․․ հիվանդանոցի բաժինն ունի ընդամենը մեկ հերթափոխ բուժքույր, ով արդեն ի վիճակի չի հսկել հիվանդներին, որի պատճառով կարող են շատ թյուրիմացություններ, խնդիրներ տեղի ունենալ (և ունենում են), եթե հիվանդը զգոն չլինի։ որովհետև մեկ անձը՝ ամբողջ մեկ օրվա հերթափոխով, չի կարող սպասարկել 11 և ավել պալատ։ սա նաև մարդու աշխատանքի իրավունքների ոտնահարում և մեծ խախտում է! ես ինձ չեմ զգում ամուր պետությունում, որպես ՀՀ քաղաքացի կուզեի ապահով և վստահ զգալ իմ պետությունում, այլ ոչ թե բախվել մի իրականության, որ, ցավոք, այսօր Հայաստանում բարձր ռետինգով բժիշկը հիվանդանոցին շատ փող բերողն է։ վախենալու է։