Իլհամ Ալիևի կառավարությունը երբեք չի վայելել այն զանգվածային աջակցությունը, որ վայելում է այսօր։ Հաղթանակի շքերթը դրա թագադրումն էր, և ակնհայտ է, որ որևէ ընդդիմություն այժմ աներևակայելի է։ Բայց անգամ նոր Ադրբեջանում կան հույսի թույլ շողեր։
Իլհամ Ալիևն Ադրբեջանի իշխանությունը ժառանգեց հոր՝ Հեյդարի մահվանից հետո՝ 2003 թվականին։ Այս անցման մրրկայնությունը հաղթահարվեց ընդդիմության զանգվածային ցույցերի դաժան ճնշմամբ։ Իշխանություն հաստատելուց հետո Ալիևը որևէ հոդաբաշխ քաղաքական գաղափարախոսության ուղով չգնաց։ Փոխարենը, նա համախմբեց ադրբեջանական դիսկուրսում առկա առանձին պահպանողական տարրերը՝ մեղադրանքներն ուղղելով 1992-1993 թվականների կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի կորստի, իսկ դրա ներկայիս հետնորդներին՝ «քաոսին վերադառնալու» ցանկության համար։
Իշխող կուսակցությունը, որ առանձնանում էր վերնախավի ու այսպես կոչված հասարակ մարդկանց միջև հստակ բաժանումով և սահմանազատմամբ՝ կառավարման էլիտիստական-ավտորիտար եղանակով, ապահովեց իր իշխանության պասիվ ընդունումը Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության կողմից:
Ինչպես շատ այլ ավտորիտար ռեժիմների, Ալիևի կառավարությանը չէր հետաքրքրում ժողովրդի ակտիվ աջակցությունը։ Փոխարենը, իշխանությունները ձգտում էին նպաստել քաղաքական գործընթացների (օրինակ՝ ընտրությունների) նկատմամբ հանրային անտարբերությանը և նախկին քաղաքական իշխանության համընդհանուր ապալեգիտիմացմանը։ Ընդդիմության ներուժի նկատմամբ հանրության շրջանում ձևավորված թերահավատությունը օգնեց կառավարող ռեժիմին պահպանել իշխանությունը նույնիսկ առանց ժողովրդի իրական աջակցության, միևնույն ժամանակ՝ լռեցնել հնարավոր քաղաքական հակառակորդներին՝ առանց հասարակական դիմադրությունից վախենալու։
1993-ից՝ Հեյդար Ալիևի իշխանության գալուց ի վեր պահպանված հարաբերականորեն կայուն այս իրավիճակում ճեղքեր առաջացան 2000-ականների վերջին և 2010-ականների ընթացքում, երբ երկիրը թևակոխեց տնտեսապես անհանգիստ ժամանակաշրջան, երկրի ամենաեկամտաբեր ապրանքի՝ նավթի գների անկման ֆոնին։ Առաջացան բողոքի թեև փոքր, սակայն նոր շարժումներ՝ կենտրոնացած սոցիալական հիմնախնդիրների վրա՝ 2013-ի «Կանգնեցրեք զինվորների մահը» կարգախոսով ցույցերից մինչև 2019 թվականի հոկտեմբերին Բաքվում տեղի ունեցած վերջին լայնածավալ ցույցերը։ Բեմադրված ընտրությունների հետ կապված պասիվ դժգոհությունն էլ հասավ երբևէ եղած ամենաբարձր մակարդակի։
Եթե այս սոցիալական հակասություններն ունեին ինչ-որ հնարավորություններ, ապա դրանք ի չիք դարձան Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում։ Հետպատերազմյան Ադրբեջանում ձևափոխվել է կառավարման ամբողջ տրամաբանությունը, և հանրությունն Իլհամ Ալիևի ու իր կառավարության վերաբերյալ ունի բոլորովին այլ պատկերացում։ Ալիևն, անշուշտ, ճիշտ էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպմանը շեշտեց՝ «տարածաշրջանում բացարձակապես նոր իրավիճակ է»։
Պոպուլիստական շրջադարձ
Ռուսաստանի էլիտար «ՄԳԻՄՕ»-ի ռուսախոս շրջանավարտ Իլհամ Ալիևին ընդդիմախոսները քննադատում էին «Ադրբեջանի իրական ժողովրդից հեռու մնալու» համար, բայց այդ մեղադրանքները հիմա դատարկ են թվում։ Պատերազմի մեկնարկից հետո Ալիևի աջակցությունը բարձրացավ՝ հասնելով աստղագիտական վերելքների։ Հակառակորդի մասին խոսելիս նա լայնորեն օգտագործում էր այնպիսի արտահայտություններ ու փոխաբերություններ, որոնք դարձել էին Ադրբեջանի ժողովրդական նոր բառապաշարի մաս։
«Մենք քշում ենք նրանց շների պես», «Բա ի՞նչ եղավ, Փաշինյան։ Կարգավիճակը գրողի ծոցը գնաց, ձախողվեց, ջարդուփշուր եղավ»․ այսպիսի արտահայտությունները խթանում էին ժողովորդական էյֆորիան։ Նա այլևս այն էլիտիստ բռնապետը չէր, որ հեռու էր մնում գռեհիկ ամբոխից, այլ ժողովրդական առաջնորդ, ում ելույթներն արտացոլում էին Լեռնային Ղարաբաղի ու թշնամուց վրեժխնդիր լինելու երկարամյա ցանկությունը։
Հաղթանակի շքերթի ժամանակ Ալիևը կիսում էր բեմը Թուրքիայի նախագահ, պոպուլիզմի ու ավտորիտարիզմի հարցում անգերազանցելի Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ – և նրա նորաստեղծ պոպուլիզմն առավել ակնառու էր դառնում։ Հիմա, երբ հանրության ցանկությունը Լեռնային Ղարաբաղի մասով ի կատար է ածվել, իշխող կուսակցությունը դուրս է եկել գաղափարական նոր նպատակների որսի, որոնք կպահպանեն համաժողովրդական այս ջերմությունը։ Ալիևի պնդումը, թե «Զանգեզուրի, Գյոյչայի ու Իրևանի շրջանները մեր պատմական հողերն են», ցույց է տալիս, թե ինչպես է իշխանության այս մոդելն աշխատում, հնարավոր այս ուղղության մասին ահազանգում է նաև Էրդողանի կողմից հյուսիսային Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող բանաստեղծություն ասմունքելը։
Ճակատագրի հեգնանքով՝ պոպուլիստական այս շրջադարձը կարող է նույնիսկ ավելի բարդացնել իշխանության պահպանումը, քան կառավարման նախորդ՝ ավելի պասիվ ձևը։ Ալիևը դեռ չունի հոդաբաշխ գաղափարախոսություն, իսկ տարածքային նոր պահանջները արևմուտքում բախվում են ռուս խաղաղապահների, իսկ հարավում՝ Իրանի զինվորականների իրականությանը։ Հավանաբար մենք ականատես կլինենք կառավարության գաղափարախոսության նոր՝ հակալիբերալ շրջադարձերի, իսկ մինչ այդ այն կփորձի պահպանել ժողովրդականության այս բարձր նշաձողը և քարոզչությունը կենտրոնացնել ավելի գործնական մի բանի՝ նոր գրավված տարածքները վերակառուցելու վրա։
Ընդդիմության վերջը
Ուղիղ մեկ տարի առաջ ակտիվիստական տարբեր համայնքներ մտորում էին առաջիկա խորհրդարանական ընտրությունների՝ ռազմավարությունները մոբիլիզացնելու և ընդդիմադիր խմբերի ու կուսակցությունների ներսում համագործակցության հնարավոր ձևեր գտնելու շուրջ։ Մեկ տարի անց այս երազանքներն արդեն անվավեր են, իսկ ժողովրդական ռեզոնանս առաջացնող որևէ ընդդիմադիր ռազմավարություն՝ անպատկերացնելի։
Քաղաքական ռելիեֆի այս փոփոխությանը հարմարվելու համար ընդդիմադիր «ՌեԱլ» կուսակցության նախագահ Իլգար Մամմադլին հակվել է դեպի նոր գերիշխող դիսկուրս՝ փորձելով, այսպես ասած, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ուղիղ տեքստով իրրեդենտիստական տարածքային պահանջ դնել Հայաստանի նկատմամբ։ Այլոք, թեև ոչ այսքան ծայրահեղ կերպով, ևս հետևել էն Մամմադլիի օրինակին՝ քննադատելով Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, որը թուլյ չտվեց ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Վերջին փոխհրաձգություններն էլ ավելի են սաստկացրել այս քննադատությունը։
Այսպիսի հռետորաբանությունը դեմոկրատական և հակաավտորիտար մոբիլիզացիայի որևէ ներուժ չունի․ այս փաստն ակնհայտ է ընդդիմության համար։ Գործող իշխանությունների նկատմամբ երբևէ հիմնաքարային և գաղափարական որևէ դիրքորոշում չունեցած ավանդական ընդդիմությունը հայտնվել է փակուղում։ Նախապատերազմյան Ադրբեջանում նրանք մեղադրում էին Ալիևին, որ նա վարանում է Լեռնային Ղարաբաղը և շրջակա գրավյալ տարածքները վերադարձնել Ադրբեջանի վերահսկողությանը, և այժմ նա հաղթել է այդ պատերազմում։ Նրանք մեղադրում էին Ալիևին հասարակ ժողովրդին անհաղորդ լինելու մեջ, մինչդեռ հիմա նրա ելույթները ժողովրդին այնքան են գոհացնում, որ մարդիկ այդ արտահայտությունների հիման վրա մեյխանա ու ռեպ են գրում:
Եվ նույնիսկ հիմա, երբ նրանք Ալիևին մեղադրում են գաղտնի կերպով ռուսական շահերը սպասարկելու մեջ, Հաղթանակի շքերթին նա կանգնում է Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողքին։
Ադրբեջանի նոր իրականությունում այս ընդդիմությունն առաջարկելու ոչինչ չունի։
Նշմարելով ապագան
Մեկ տարի առաջ, գուցե միամտաբար, ես առաջարկեցի, որ ավանդական ընդդիմությունը դիմի առաջադեմ երիտասարդներին և ակտիվիստներին՝ «շատերի համար» (for the many) հակաավտորիտար լայն կոալիցիա ստեղծելու համար։ Նրանք, ովքեր պատերազմի ժամանակ հանդես են եկել «No War» (ոչ պատերազմին) դիրքերից, նոր իրականությունում մարգինալացվել են, շատերը կորցրել են գրեթե ողջ վստահելիությունը։ Անգամ հիմա՝ պատերազմի ավարտից հետո, այս մարդիկ ենթարկվում են կատաղի հարձակումների։
Այսպիսի հարձակումների մի օրինակ է Կանադայում ապրող ադրբեջանցի վիդեոբլոգերի՝ դեկտեմբերի 11-ին թողարկած տեսանյութը։ «Հաղթանակը և մի քանի բոզ» վերնագրված հոլովակը դաժանորեն հարձակվում է խաղաղության ակտիվիստների և նրանց հարթակ տրամադրող լրատվականների վրա։ Դիտումները հասել են 100 000-ի:
Խաղաղության կողմնակիցներին «բոզ» անվանելը սովորական բան է դարձել։
«AzLogos»-ը, որն իրեն դիրքավորում է որպես «ինտելեկտուալ հարթակ աշխարհասփյուռ ադրբեջանցիների համար» և ղեկավարվում ժամանակին հայ-ադրբեջանական գեյ զույգի մասին վեպ հեղինակած և հետագայում Շվեյցարիա արտագաղթած մի գրողի կողմից, բազմիցս հարձակվել է խաղաղության ակտիվիստների վրա, հատկապես՝ «No War՝ բոզ լինելու մեկ այլ անուն» հոդվածով։
Մի իրավիճակում, երբ ներքին հակասությունների և վիճարկումների առումով քաղաքականություն առհասարակ գոյություն չունի (անգամ Շմիդտյան իմաստով, երբ արտաքին թշնամին արդեն պարտվել է), Ադրբեջանը այս պահի դրությամբ կարծես հայտնվել է անպտուղ տեղում։
Միևնույն ժամանակ, չնայած պատերազմում տարած հաղթանակին, հին սոցիալական խնդիրները դեռ մնացել են։ Վերջին օրերին մի շարք տեսանյութեր վիրուսային են դառնում։ Վիդեոներից մեկում Ջաբրայիլում տեղակայված զինվորը բողոքում է անձրևից վնասված վրաններից, որոնցում իրենց ստիպում են ապրել: Մեկ այլ տեսանյութում զինվորը Կուբաթլուից օգնություն է խնդրում․ նրա ընտանիքին դուրս են հանել տնից, քանի որ նրանք չեն կարողացել վճարել բնակվարձը։ Վիրուսային մի լուսանկարում երևում է Սոցապ նախարարության կողմից զոհված 26-ամյա զինվորի ընտանիքին ուղարկված օգնության խղճուկ փաթեթը։
Սրանք և որոշ այլ բաներ զայրույթի ալիք բաձրացրեցին սոցցանցերում։ Այն «քվազիտոտոլիտարիզմը», որ կա Ալիևի հույսերում, կարծես երերուն հողի վրա է կառուցված։ Այլախոհությունը դեռ հնարավոր է։ Այնպես չէ, որ սա ինքնին մոտալուտ ապստամբություն կհարուցի կամ որ ադրբեջանական հանրությունն իրեն փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն է տեսնելու։ Բայց, այնուամենայնիվ, սրանք հույսի շողեր են։
«Կանգնեցրեք զինվորների մահը» բողոքի ալիքը (2013) շատ ադրբեջանցիների, այդ թվում նաև ինձ, բերեց քաղաքական ակտիվիզմի։ Գրեթե ութ տարի անց, նոր՝ հետպատերազմյան Ադրբեջանում, ակնհայտ է, որ մենք պետք է սկսենք նորից։
Նույն հին սոցիալական անհավասարությունը և նույն հին ավտորիտար ռեժիմը մեզ հետ են՝ նոր դժգոհությունների կողքին։ Բողոքի նոր շարժման համար ժամանակ կպահանջվի։
Որքան էլ մենք կաշկանդված լինեինք Ղարաբաղյան հարցով և մեր պահանջներում գաղափարական բովանդակության բացակայությամբ՝ մեր սերունդը նշանավորող ձախողումների այս պատմությունը չպետք է մոռացվի ակտիվիստների նոր սերնդի կողմից, եթե ուզում ենք հաղթանակի որևէ հույս ունենալ։
Ալիևն առավել ուժեղ է, քան երբևէ, բայց նրա ուժը տոտալ չէ, իսկ պատմությունը շարունակում է իր կայուն ընթացքը, որքան էլ նա ցանկանա կանգնեցնել այն։
Բահրուզ Սամեդով
Անգլերեն բնագիրը՝ «OC-Media»-ում