Home / Հայաստան / Ինքնասպան եղբայրները բանկերի օգնությամբ միլիոններ են վերցրել ուրիշների անունով

Ինքնասպան եղբայրները բանկերի օգնությամբ միլիոններ են վերցրել ուրիշների անունով

Աբովյան քաղաքի բնակիչները հայտնաբերել են, որ իրենց անունով կան միլիոնավոր դրամների վարկեր տարբեր բանկերում։ Նրանք շուտով հասկացել են, որ բոլորը միևնույն սխեմայի զոհ են․ մարդիկ ապառիկ գնումներ են արել իրենց թաղի «Վեստ Էլեկտրոնիկա» խանութից, խանութի տերերն էլ նրանց անձնական տվյալներն օգտագործելով վարկեր են ձևակերպել բանկերում։

Խանութի տերերը՝ եղբայրներ 52-ամյա Նորիկ Տեր–Աբրահամյանը և 46–ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանը, սեպտեմբերի 7-ին կախվել են հենց խանութի սրահում։ Նրանց «առեղծվածային» ինքնասպանության մասին գրել է Գագիկ Շամշյանը, ըստ որի եղբայրներից մեկի մոտ նամակ է հայտնաբերվել․ «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։

Ինքնասպանության հաջորդ օրը (ընդ որում՝ կիրակի) տարբեր մարդիկ սկսել են SMS-ներ ստանալ բանկերից․ «Խնդրում ենք մարեք ձեր վարկը»։ SMS ստացողները ենթադրում են, որ Տեր-Աբրահամյանները իրենց անուններով վարկեր են վերցրել։ Եղբայրները ինչ-որ շրջան մարել են այդ վարկերը, բայց հետո չեն կարողացել և ինքնասպան են եղել։

Ոստիկանությունը Epress.am-ին հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ստացվել է 12 դիմում բանկային մախինացիաների մասին։ Քննչական Կոմիտեից ասացին, որ դեպքի առթիվ կան հարուցված քրեական վարույթներ։ Քանի որ «այս գործը զգայուն թեմա» է, Քննչական կոմիտեն հրաժարվեց նույնիսկ նշել, թե ինչ հոդվածներով են հարուցվել քրեական գործերը։

Տուժողները կարծում են, որ եղբայրներն իրենց անձնագրային տվյալները ստացել են էլեկտրոնիկայի խանութի միջոցով, երբ հաճախորդները ապառիկով կենցաղային տեխնիկա են գնել։ Կեղծ վարկեր են ձևակերպել, օրինակ, գործազուրկ մարդու անունով։ Մեկ այլ դեպքում վարկառու են սարքել Հայաստանից հեռացած հարևանին։ Առանձին դեպքերում հայտնի է, որ վարկը դուրս է գրվել կեղծ ապառիկի տեսքով։

Տուժածների խոսքով, փաստաթղթերում ակնհայտ կեղծված են իրենց ստորագրությունները, կեղծ հեռախոսահամարներ և էլեկտրոնային փոստի հասցեներ են նշված։ Թե ինչպես է սա կազմակերպվել և իրագործվել` ոչ մեկ չգիտի։

Հայաստանյան բանկերի մոտ վերջին ամիսներին անընդհատ բողոքի ցույցեր են լինում․ հարյուրավոր մարդիկ ահազանգում են, որ վարկավորման ընթացակարգերի պարզեցման կամ էլեկտրոնային համակարգերի թույլ պաշտպանվածության պատճառով և բանկերի ենթադրյալ թողտվությամբ զերղծարարները միլիոնների վարկեր են ձևակերպում նույնիսկ բոլորովին անծանոթ մարդկանց անուններով։