Home / Հայաստան / «Կադաստրի կոմիտեի նախագահը հաշվեհարդար է տեսել ամուսնուս հետ»․ նախկին աշխատակցուհի

«Կադաստրի կոմիտեի նախագահը հաշվեհարդար է տեսել ամուսնուս հետ»․ նախկին աշխատակցուհի

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից Վերոնիկա Միքայելյանը պնդում է՝ սեպտեմբերի 14-ին ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտ՝ մի ամայի տարածքում դաժանաբար ծեծել։

Նա վստահ է, որ ամուսնու հետ հաշվեհարդար են տեսել իր նախկին ղեկավարի՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հրահանգով․ «Ծեծի ընթացքում անընդհատ ասում էին՝ Սուրոյի՞ն էիր էս ասում, դե, կեր, դե, ստացի <…>, դրա համար մեկից մեկ ակնհայտ ա, որ իրա պատվերն էին կատարում»։

Մինչև սեպտեմբերի 9-ը Վերոնիկա Միքայելյանն աշխատել է Կադաստրի կոմիտեի արտաքին կապերի վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ Նրա ծառայությունը դադարեցրել են խիստ նկատողություններից ու ծառայողական քննությունից հետո։ Աշխատանքից ազատելու որոշումը վրդովվեցրել էր ամուսնուն, ով զանգել էր կնոջ վերադասին՝ Սուրեն Թովմասյանին։ Վերջինս չէր պատասխանել, ապա՝ ձայնային հաղորդագրություններ ուղարկել։ Օրեր անց ամուսնուն առևանգել են։

Թովմասյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, պաշտոնին էր նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․-ին։

Նախկինում Միքայելյանի ամուսինը ևս Կադաստրի կոմիտեում էր աշխատել ու մի քանի տարի առաջ ազատման դիմում գրել՝ Թովմասյանի հետ տարաձայնությունների պատճառով։ Հետո, ըստ կնոջ, իրե՛ն են թիրախավորել։ Այս դեպքից ամիսներ առաջ ոմն Ռոմանն է Սուրեն Թովմասյանի անունից եկել՝ որ իրավիճակը հարթվի, կինն էլ դիմում գրի՝ գնա։ Այս միջնորդին ամուսինը նկատել է հաշվեհարդար տեսնողների խմբում։

«Սուրեն Թովմասյանի անունից եկել էր Ռոմանը, ամուսինս էն ժամանակ էլ էր ինչ-որ լարված խոսակցություն ունեցել։ Երբ որ էդ ընթացքում հասել էր տեղ, տեսել էդ անձնավորությանը, <…> ճանաչել ա, հենց ճանաչել ա, անմիջապես հասկացել ա, որ ծուղակ ա ընկել՝ Սուրենի կողմից լարված», – պատմել է Միքայելյանը։ Ամուսնուն, իր խոսքով, խաբելով են հասցրել իրենց ուզած վայրը, մեքենայից իջեցրել ու 40-50 հոգով ծեծել։ Այդ ընթացքում ո՛չ միայն Թովմասյանի անունն էին տվել, այլև նրանցից մեկը Կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբայր էր ներկայացել։

Ծեծի հետևանքով վնասվել են Միքայելյանի ամուսնու աչքերը, քիթն ու կողերը՝ կոտրվել, դեմքի ու մարմնի տարբեր մասեր են վնասվել։ Դեպքից հետո տղամարդը հիվանդանոց էր ընկել։

Վերոնիկա Միքայելյանը Ոստիկանություն է ահազանգել, ՔԿ-ում ծեծի ու առևանգման հոդվածներով գործ է հարուցվել ու չնայած տուժողները հրապարակային անուններ են հնչեցնում, որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Ըստ «Ազատության»՝ Քննչականից կասկածյալների մասին ոչինչ չեն հայտնում։ Կադաստրի պետական կոմիտեից հերքում են Թովմասյանի ու Խաչատրյանի առնչությունն այս միջադեպին։

«Մի հատ թող Սուրեն Թովմասյանի հեռախոսը առգրավեն՝ միանգամից ամեն ինչ պարզ կլինի», – նկատել է Միքայելյանը։

ՔԿ-ն հրաժարվում է մանրամասներ հայտնել, իսկ «Քաղաքացիական պայանագիրը» դեռ չի արձագանքել այս քրեական պատմությանը, ընդգծում է ռադիոկայանը։