Դիլիջանի հրապարակում երեկ երեկոյան մի քանի փրկարարից իմացանք, որ անտառային հրդեհն արդեն մարվել է։ Նրանք իջել էին քաղաք և անընդհատ զանգեր էին ստանում հարազատներից․ քիչ առաջ էր հաղորդվել, որ փրկարարների մեքենա է վթարվել, չորս հոգի վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Նրանց զանգում էին նաև կոլեգաները սարերից․ «Մի անհանգստացեք, ինչ կենդանի պիտի ձեզ գտնի, արջերը արդեն քնած են, լա՜վ, էսա կվադրոցիկլ կուղարկենք ձեր հետևից»։
Առավոտյան արդեն հրշեջ ջոկատներ չէին պտտվում քաղաքում, դադարել էին նաև ուղաթիռներով լճից ջուր կրել։ Դիլիջանում, ի տարբերություն ֆեյսբուքի, պանիկա չկար։ «Կարդացել եմ սոցցանցերում, որ անտառները վառվել են։ Ինչպես տեսնում եք՝ էտքան էլ չէ», — կատակում էր տաքսիստներից մեկը։
Դիլիջանի հրդեհը մեդիայում կապվում էր Հայաստանի այլ մարզերում բռնկումների հետ, թեև դրանք առանձին օջախներ էին։ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել է նոյեմբերի 21-ին։ Դիլիջանում հրդեհվել են «Կազաչիի» և «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հատվածները, ոլորանների մոտ գտնվող որոշ անտառածածք տարածքներ։ Առանձին օջախներ կային Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Օջախների մեծ մասը արագ մեկուսացվել և մարվել է։ Հրդեհամարման աշխատանքներին մասնակցել է մոտ 2000 փրկարար։
Սոցցանցերում տարբեր տեսություններ էին շրջանառվում պատճառների մասին։ Կատարվածի մեջ մեղադրում էին կառավարությանը, թուրքերին, չոր խոտ վառող գյուղացիներին և կլիմայական փոփոխությունները։ Դիլիջանի բնապահպան ակտիվիստները մեղադրում էին «անտառահատներին» և «ծառագողներին»՝ նրանց, ում դեմ պայքարում էին նաև հրդեհից առաջ։

շրջակա միջավայրի նախարարություն հաղորդագրությունից / 23․11
Դիլիջանի Ազգային պարկի երեք աշխատակիցներ մեզ պատմեցին՝ ինչ է կատարվել վերջին օրերին։
— Հրդեհը սկսվել է ոչ թե անտառում, այլ Ազգային պարկի եզրագծից վերև գտնվող խոտհարքներում և հանդերում՝ Սեմյոնովկայի հատվածից։ Էն տեղերում, որտեղ քամին ոչ բարենպաստ է փչել, կրակը տարածվել է դեպի անտառ։ Ազգային պարկի սահմանագծով էր վառվում, տեղ-տեղ թափանցել էր ներս։
— Էս նոյեմբերը շատ չոր ա, տեղումներ չկային, եղանակը՝ սովորականից տաք։ Երբ որ հողը թաց ա լինում, վեգետացիան էտքան արագ չի կպնում։
— Ես հրշեջ մեքենայի վարորդն եմ եղել։ Գալիս էինք, որ նորից ջուր լցնենք, էտ ընթացքում քամին կրակը հետ էր պտտում։ Էտ տարածքներ բոլորը չեն կարող բարձրանալ։ Մենք բարձրանում ենք հատուկ տեխնիկայով, բայց որ իջնում ենք, վատանում ենք ճնշման տատանումից։
— Ամենաշատ գործը արել են Ազգային պարկի տղաները և փրկարարները։ Ուղղակի մենք ժամանակ չունեինք սելֆի անելու, որ տեսնեն։
— Զանգում էին անտառից խամ մարդիկ, որ բարդ ռելիեֆներում չեն քայլել, ասում էին՝ օգնենք։ Մենք հիմա կրակը մարենք, թե՞ ձեզ տիրություն անենք։ Առանց էդ էլ բարդ վիճակ էր, նույնիսկ փրկարարներից մեկը ընկավ կրակների մեջ, ուգար եղավ, հազիվ հանեցինք։ Մեր աշխատակիցներից մեկն էլ էր վառվել։
— Ով ինչ ասես էս ընթացքում գրեց՝ էլ թուրքերն են հատուկ վառել, էլ անտառագողներն են կրակ գցել։ Բայց էտ տարածքներում ոչ անտառահատ կա, ոչ էլ ուրիշ մարդ։ Ծառահատման թեման ու էս հրդեհը կապ չունեն իրար հետ։
— Ձեր վրա չվերցնեք, բայց մեդիան իրա վատ գործը արեց։

փրկարար ծառայության հաղորդագրությունից
Բնապահպանի տուն կազմակերպության հիմնադիր Գոռ Հովհաննիսյանը, որը Դիլիջանում կամավորություն է անում, գրում է․ «Այսօր երեք անգամ զոռով-շառով ինձանից հարցազրույց են քերել ու բոլորի մեջ մի առաջնային նպատակ ա եղել. բոլորն էլ ուզեցել են, որ ասեմ, որ սա ինադու արած ա, որ սա պատվեր ա և այլն։ Էն, որ, իհարկե, չեմ բացառում, բայց նաև չեմ բացառում լիքը ուրիշ, ավելի նորմալ վարկածներ էլ <․․․> բնության մեջ ինքնաբռնկումներ նույնպես հաճախ են լինում։ Ու ոչ թե թուրքերը քպ-ին 1,5 մլն փող են տվել, որ Դիլիջանում անտառները պաժառ տա»։
Ներքին գործերի նախարարությունից չեն ասում՝ որոնք են բռնկումների պատճառները։ Բացառված չէ, որ դրանք լրիվ բնական են։ Այնուամենայնիվ, նախարարությունը և բնապահպանության տեսչական մարմինը հորդորում են արոտավայրերն ու ցանքատարածքները մաքրելիս չոր խոտերը, բուսական մնացուկներն ու տերևները չայրել: Հիշեցնում են՝ 50-ից մինչև 300 հազար դրամ վարչական տուգանք է սահմանված: Տեսչությունը այս օրերին տերևների, խոզանների և բուսածածկի մնացորդների այրման մոտ հազար դեպք է արձանագրել։ Հայաստանի շատ գյուղերում հիմա էլ է ծուխ՝ վառում են չորացած խոտը, համարելով դա սանիտարական աշխատանք։ Այս գործողությունը որևէ իմաստ չունի․ այրումը վնասակար է թե՛ հողի, թե՛ մարդկանց համար։

փրկարար ծառայության հաղորագրությունից
Դիլիջանի Ազգային պարկի աշխատակիցները խոսում էին նաև չորացած ծառերի մասին․ «Դրանք պիտի մաքրես, որ չընկնեն վնասեն կողքիններին։ Իրանք նաև հեշտ են բռնկվում։ Հիմա էս չորացած ծառը որ կտրենք, կգան, կնկարեն, կգրեն՝ տեսեք, պարկի աշխատողները անտառահատում են անում»։
Ըստ պաշտոնյաների, Ազգային պարկը տարբերվում է անտառտնտեսություններից․ կանոնները ավելի խիստ են, վերահսկողությունը՝ ավելի ուժեղ, արտոնում են միայն չորացած փայտանյութ հավաքելը՝ «ըստ ընթացակարգի, հատուկ թույլտվությամբ և տեղերում»։
Բայց դիլիջանցի բնապահպանները պնդում են, որ ապօրինի ծառահատումները այստեղ չեն դադարում։ «Հրդեհը հանգցվեց մեկ-երկու ակտիվ օրում, վառվեց մոտավորապես, ասենք թե, 300 առողջ ծառ, ու բոլորը վայ-վույ են անում։ <․․․> Բայց այս տարվա մեջ Տավուշում 1000-ով ծառեր են կտրվել ու գողացվել։ Մեր անտառային պաշարները անխնա թալանվում են», — գրում է Գոռ Հովհաննիսյանը:
Epress.am Լուրեր Հայաստանից


