Home / Հայաստան / Իշխանությունն ընդդիմության հետ կերկխոսի, բայց ոչ արտահերթի շուրջ. Շարմազանով

Իշխանությունն ընդդիմության հետ կերկխոսի, բայց ոչ արտահերթի շուրջ. Շարմազանով

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քաղաքական գարունը, այն անվանել է թեժ, բայց միևնույն ժամանակ կառուցողական և համերաշխության գործունեությանը միտված քաղաքական գարուն:

«Եվ 2011-ի գարունը շահեկանորեն տարբերվեց  գոնե վերջին շրջանի քաղաքական գարուններից նրանով, որ այստեղ և ընդդիմությունը՝ լինի պառլամենտական, թե արտախոհրդարանական, թե, առաջին հերթին, նաև իշխանությունը մեծ ջաքներ գործադրեցին Հայաստանում երկխոսության, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ»,- նշել է Շարմազանովը:

Նկատի ունենալով համաներման փաստը և քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ ՀՀԿ-ականն ընգծել է, որ այս իմաստով, կարևորագույն քայլ է կատարել Սերժ Սարգսյանը, երբ  ապրիլի 27-ին մատնանշել է, որ ինքը պատրաստակամ է իրականացնելու քայլեր, որոնք միտված կլինեն երկրում քաղաքական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը:

Նա նաև նշել է, որ իշխանությունների դրական քայլերը, որոնք, իր խոսքով, միտված էին երկրում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական պրոցեսների բացառապես քաղաքակիրթ ճանապարհով ուղղորդմանը, դրական արձագանքեցին իրենց արտախորհրդարանական գործընկերները:

«Եվ  նաև առաջին նախագահը դրական գնահատեց այս փուլը` ասելով, որ գնում է  բաց դիալոգ: Ավելին` նշելով, որ երկխոսությունը չպետք է ընդհատվի», –  հայտարարել է Շարմազազնովը:

Խոսելով երկրում ժողովրդավարական բարեփոխումների մասին՝ նա մեջբերել է Սերժ Սարգսյանի մայիսի 28-ի ելույթից մի հատված, որտեղ, Շարմազանովի խոսքով,  նախագահը նոր քաղաքական օրակարգ ձևավորեց և առաջարկեց քաղաքական ուժերին և, առաջին հերթին, քաղաքական իշխանությանը նոր բանաձև:

«Իսկ այդ բանաձևը կայանում է նրանում, որ անհատի և քաղաքացու իրավունքները այնքան կարևոր են, որքան հավաքական ազգային շահերը: Ամենաուժեղ պատվարը արտաքին և ներքին ցնցումներից և արտաքին թշնամիներից  ու ներքին անօրինականություններից պաշտպանվելու՝ դա ազատ քաղաքացին է և միայն ազատ քաղաքացու առկայության դեպքում մենք կարող ենք հասնել մեր նպատակներին ու մեր երազած Հայաստանին: Սա նոր երևույթ է Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասել է  Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողների այն դիտարմանը, թե Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իշխանությունների հետ երկխոսելու մեկ թեմա ունի և դա րատահերթ նախագահական ընտրություններն են՝ Շարմազանովը պատասխանել է, որ այս պահին արտահերթ ընտրությունների հավանականություն, ինչպես նաև դրանց անցկացման համար քաղաքական և և իրավական որևէ դրդապատճառ չի տեսնում:

Եվս մեկ հարցին, թե այդ դեպքում ինչի մասին է իշխանությունը երկխոսելու ընդդիմության հետ, ՀՀԿ-ական գործիչը պատասխանել է, որ երկխոսելու են քաղաքական, տնտեսական և արտաքին կարևորագույն հարցերի շուրջ: