Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց ու պատասխան» շարքի հերթական քննարկման ժամանակ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այլ հարցերի թվում խոսել է մայիսի 27-ից կիրառվող համաներման մասին, որի արդյունքում ազատ են արձակվել չորս հարյուր բանտարկյալներ, այդ թվում` չորս քաղբանտարկյալ:
«Դա մի կնճիռ էր, որ հարթվեց, ամսի 26-ին հայտարարվել է, և արդեն 27-ին ազատ են արձակվել երեք հարյուր բանտարկյալներ, սա աննախադեպ է»,- ասել է նախարարը (համաձայն ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի հաղորդագրության, մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ազատ էր արձակվել թվով 274 դատապարտյալ – Epress.am):
Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ համաներման հետ կապված մինչ այսօր եղել է ընդամենը մեկ բողոք-դիմում:
Քննարկման մասնակիցներից ՀՀ Արդարադատության նախարարության դիտորդական խմբի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի ներկայացուցիչ Ժորժետա Մեսրոպյանն ասել է, որ իրենք ստացել են բազմաթիվ բողոքներ տարբեր բանտերի բանտարկյալներից առ այն, որ ազատ արձակվածները քիչ են` հաշվի չեն առնվել բանտերի պայմանները, նրանց ստացած վարքային խրախուսանքները, ընտանեկան վիճակը և այլն:
«Ես խնդրում եմ չուռճացնել, չչափազանցել ամեն ինչ, բողոքները ձեզ չպետք է ներկայացնեն, այլ մեզ, իսկ Դուք, եթե ունեք բողոքներ, խնդրեմ, ներկայացրեք մեզ»,- պատասխանել է Հրայր Թովմասյանը:
Խոսելով Հայ Ազգային Կոնգրեսի` իշխանություններին ներկայացրած պահանջից` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, նախարարը հայտարարել է.
«Իրավական տեսանկյունից պառլամենտի բացարձակ լուծարում հնարավոր չէ` համաձայն 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների: Իրավական հիմքեր գոյություն չունեն արտահերթ պառլամենտական ընտրություններ իրականացնելու համար: Ես խորհուրդ կտայի պահանջ ներկայացնելուց առաջ հետաքրքրվել, տեսնել արդյո՞ք դա սահմանադրորեն հնարավոր է, թե ոչ»,- հայտարարել է Թովմասյանը: