Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` հաջորդ շաբաթ Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքերի վերաբերյալ նախագծի մասին որոշում կկայացվի: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Սպասումները մեծ են: Ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան` առաջիկա գագաթաժողովին նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, հիմնական սկզբունքների ամբողջական նախագիծ դիտարկել»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Լուկաշևիչը:
Նա նշել է, որ այդ փաստաթղթի ձևակերպումը համաձայնեցվել է երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ:
«Կայացած քննարկումների ընթացքում հաջողվել է դիրքորոշումները մոտեցնել մի շարք առանցքային հարցերի շուրջ: Նախագահները կդիտարկեն այդ ամենը և համապատասխան որոշում կընդունեն»,-հայտարարել է դիվանագետը: