Home / Հայաստան / ՀԱԿ-ը Կազանից առաջ Սերժ Սարգսյանին ֆորա է տվել. կարծիք

ՀԱԿ-ը Կազանից առաջ Սերժ Սարգսյանին ֆորա է տվել. կարծիք

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորել է այն փաստը, որը Կազանում կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից առաջ Հայաստանում ազատ են արձակել քաղբանտարկյալներին:

«ՀԱԿ-ը մեծ ֆորա տվեց Սերժ Սարգսյանին: Նա այսօր Կազան ա գնում որպես դեմոկրատ նախագահ` ի տարբերություն Ալիևի: Սերժ Սարգսյանն այսօր երկու կամ երեք անգամ ավելի բարձր կարա խոսի Կազանում: ՀԱԿ-ը դա տվեց իրա դիվիդենտների հաշվին, իրա ռեյտինգի հաշվին, ՀԱԿ-ը դա մտածված տվեց: Չնայած, ինչի մենք երեխա՞ ենք, չենք հասկանում, որ Մարտի 1-ի համար Սերժ Սարգսյանն էլ ա պատասխանատու»,- ասել է Բագրատյանը:

Բագրատյանն ասել է, որ, իր տվյալներով, Կազանում սեղանին դրվելու է ոչ թե փոխզիջման փաստաթուղթ, այլ զիջման փաստաթուղթ:

«Բայց մտքովս մի միտք անցավ, միգուցե, Սերժ Սարգսյանն էլ չգիտի փաստաթղթի մասին, ոչ ինքը, ոչ էլ Ալիևը: Իսկ էս դեպքում Սերժ Սարգսյանը կարա էսպիսի ֆռազա ասի` «մեր ժողովուրդը համաձայն չի սրա հետ»: Սա հիմա նա կարա ասի ՀԱԿ-ի շնորհիվ: Որովհետև եթե առանց էս երկխոսության նման բան ասեր, կասեին` «քո ժողովուրդը 200000-ով կանգնած ա Մատենադարանում կամ Ազատության հրապարակում, ժողովրդի անունից մի խոսա: Պարզից էլ պարզ ա, որ էս ֆորան ենք տվել», – նշել է Բագրատյանը:

Խոսելով ներքաղաքական խնդիրների մասին` նա հայտարարել է, որ ողջունում է ընդդիմություն-իշխանություն հնարավոր երկխոսությունը, բայց ՀԱԿ-ի ներսում փորձում է պահել որոշակի դիրքորոշում.

«Հա հետո ինչ, վերջին հաշվով քաղբանտարկյալներին ազատելը պարտավոր էին անել: Վերջին հաշվով վերականգնվել է արդարությունը, չի արվել ավելացված արդարություն: Այսինքն` մեր բերանից լոզերը չպիտի գնան սրա հետ կապված: Եվ հեղափոխության, կտրուկ փոփոխությունների պատրաստակամությունը ՀԱԿ-ում իշխանություններն ու Սերժ Սարգսյանն ամեն օր պիտի տեսնեն»:

Բագրատյանին հարցրել են, թե ինչպես են ՀԱԿ-ում վերաբերվում իր տվյալ դիրքորոշմանը, նա պատասխանել է.

«Ի՞նչ պիտի ասեն, ասում են` ճիշտ ես, ինձ ոչ ոք չի ասել` սխալ ես»: