Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր եջում արձագանքել է մետրոյի ուղեվարձի բարձրացման հետ կապված երևանցիների դժգոհություններին:
«Ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս քայլին` մենք կվտանգեինք մետրոպոլիտենի շահագործման համար բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը», – գրել է Կարեն Կարապետյանը։
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ մետրոպոլիտենի մեկ ուղեվորի փոխադրման ընդհանուր արժեքը կազմում է 160 ՀՀ դրամ, որը արագ շարունակում է աճել։
«Մենք չենք կրճատելու մետրոպոլիտենի դոտացիան, բայց նաև հնարավորություն չունենք այն ավելացնելու, այնինչ մետրոպոլիտենի պահպանման և զարգացման համար անհրաժեշտ ծախսերի ծավալի աճը բավականին մեծ է։ Նշեմ նաև, որ նույնիսկ 100 դրամ ուղեվարձը մնում է ԱՊՀ քաղաքաների համեմատ ամենացածր սակագներից մեկն է։ Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք այս հարցին», – գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ մետրոյի ուղեվարձը հուլիսի 1-ից դառնալու է 100 դրամ:
Դեռևս աս տարվա փետրվարին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ աշխարհում մետրոպոլիտենը համարվում է վնասով աշխատող և սոցիալական տեսանկյունից անհրաժեշտ տրանսպորտային միջոց, որի պատճառով այն 65 տոկոսը պետական բյուջեից միջոցներ է ստանում, 35 տոկոսը սակագնի միջոցով է, որը 50 դրամ է, սակագնի միջոցով է ծածկվում:
Ավելի վաղ ուղեվարձի բարձրացման դեմ «Ոչ մետրոյի թանկացմանը» խումբ էր ստեղծվել Facebook սոցիալական ցանցում: Էջին միացած 450 օգտատերեր իրենց բողոքն են հայտնում որոշման դեմ:
«Հեսա մի ժամանակ հետո մետրոն կքանդեն ու ռելսերը կծախեն. հեչ չեմ զարմանա, որ տենց բան լինի», – գրել է Արթուր անունով օգտատերը:
Մեկ այլ օգտատեր գրում է. «Մնում ա քաղաքային տրանսպորտն էլ 200 դարձնեն, պրծնենք»:
«Սրանք լրիվ ԻԴԻՈՏ են, հենց սենց… Թող ամեն ինչ թանկացնեն, որ մասով են ախր մտածում? Թողեք հանգիստ ապրենք, արա…Սրա վերջը ինչ ա լինելու? … բառեր չեմ գտնում, չգիտեմ… Ավելի ճիշտ գտնում եմ, բայց լիովին ազատ արտահայտվել չեմ կարող, որովհետև ամենավերջին վատ բառերը կգրեի, իրանց հասնում ա, բայց դե… հասկանում եք….»,- նշել է Արթուրո օգտատերը:
Հայկանուշն առաջարկել է բողոքի ձև ընտրել` մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով.
«Եկեք մեր բողոքն արտահայտենք մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով, տեսնենք` ինչ կլինի: Գուցե էդ ձևով հասկանան, որ թանկացումն անտեղի է»: