Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին:
Սարկոզին նշել է, որ ի շարունակություն մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Օբամայի, ՌԴ նախագահ Մեդվեդևի և իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետև ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի խոսքով` պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Նիկոլա Սարկոզիի համոզմամբ՝ եկել է այդ պահը:
«Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ, և ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքներ: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- Սարկոզիի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: