ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ, նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում: Վերջինս հաց է մատակարարում Երևանում տեղակայված 5 ՔԿՀ-ների` «Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան Կենտրոն»:
Արտադրված և կալանավորներին բաժանվող հացի նմուշի լաբորատոր փորձարկումը ցույց է տվել, որ հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին:
Այս առնչությամբ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ, չնայած փորձարկման արդյունքներին, կալանավորներից հաճախ կարելի է լսել, որ իրենց տրվող հացն այնքան խոնավ է, որ դժվար թե այն պարբերաբար օգտագործելուց հետո առողջական խնդիրներ չառաջանան:
Օրաթերթը նշում է, որ մեկ տարի առաջ այս խնդրով հետաքննություն է իրականացրել. կալանավորներից մեկը խմբագրություն բանտից հաց էր ուղարկել, որը մեծ վերապահումով կարելի էր հաց համարել:
«Հրապարակումների արդյունքում հացի որակը որոշակիորեն փոխվեց. ի դեպ`այն ժամանակ ևս հաց մատակարարում էր նույն հիմնադրամը», – գրում է «ՉԻ»-ն: