Home / Հայաստան / «Արմավիայի» սեփականատիրոջն առաջարկել են գնել Վրաստանի ազգային ավիափոխադրողին

«Արմավիայի» սեփականատիրոջն առաջարկել են գնել Վրաստանի ազգային ավիափոխադրողին

«Արմավիան» բավական շատ վարկեր է վերցրել և պարտավորություններ չունի լիզինգային ընկերության հանդեպ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Նրա խոսքով` ընկերությունը նախընտրում է թանկարժեք ինքնաթիռներ գնել, որպեսզի խոշոր գումարներ չտա վարձակալության համար: «Անգամ ինքնաթիռ կա, որը մենք վերադարձնում ենք, որովհետև այն շատ թանկ արժե և տնտեսումն էլ բանի պետք չէ: Airbus 320 ինքնաթիռը վերցրել ենք 2008 թվականին, այն ժամանակ լիզինգը շատ թանկ էր, և մեկ ամսում 500 հազար դոլարը չափազանց բարձր գին էր, այդ իսկ պատճառով մենք այն հետ ենք վերադարձնում, որոշակի տուգանքներ ենք վճարում, բայց այս ամենը միասին շատ ավելի էժան է, քան եթե այն ևս 36 ամիս պահենք»:

Հարցին` արդյոք ընկերությունը սնանկության եզրին է, Բաղդասարովը բացասական պատասխան է տվել և հավելել, որ «որոշ ԶԼՄ-ներ ոմանց խորհրդով կամ առանց խորհրդի փորձում են վարկաբեկել «Արմավիան», բայց դա նրանց այնքան էլ չի հաջողվում»:

Մեկնաբանելով իր բիզնեսը Վրաստան տեղափոխելու մասին լուրերը` Բաղդասարովը հայտարարել է, որ վրացական ազգային փոխադրողի գնման առաջարկ կա, սակայն վերջնական որոշում նա դեռ չի ընդունել: «Իսկ ի՞նչը տեղափոխեմ, հետաքրքրվել է նա,- Բենզի՞նը, ցեմենտի գործարա՞նը, թե՞ ավիաընկերությունը: Կապիտալը հենց այնպես վերցնել ու այնտե՞ղ դնել: Ինչո՞ւ»:

Ըստ նրա` տնտեսական ճգնաժամի ամենաթեժ ժամանակը 2013-ին կլինի: «Ավելի լավ է սպասեմ, քան չսպասեմ: Եթե սպասում ես, դա նշանակում է, որ պատրաստվում ես, իսկ երբ չես սպասում, անակնկալ խնդիրներ ես ստանում: Ճգնաժամը խանգարում է բիզնեսին, մեր աշխատանքը կապված է բնակչության հետ: Եթե ազգաբնակչությունը գումար չունի, նշանակում է, չի թռչում: Մենք շահագրգռված ենք նրանում, որ բնակչությունը միջոցներ ունենա, որպեսզի ավելի շատ հանգստանա, մեքենաներ վարի»,- նշել է Միխայիլ Բաղդասարովը: