Դուդուկահար Ջիվան Գասպարյանն արձագանքել է իր դեմ հրապարակված բողոքին՝ ենթադրելով, որ դրա հեղինակներն են Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող Մանկավարժական համալսարանի մասնաշենքի հարևանությամբ գտվող կրպակների տերերը:
Ալեք Մանուկյան փողոցի 15–րդ շենքի և Այգեստանի 7–րդ փողոցի բնակիչները դիմում-կոչ էին հղել ՀՀ նախագահին՝ խնդրելով արձագանքել իրենց խնդրանքին:
«2004–ին կենդանի լեգենդ, տաղանդավոր և վաստակաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը որոշում է իր համար քաղաքի կենտրոնում կառուցել շքեղ առանձնատուն՝ բարձր պարիսպներով (Այգեստան 7փ. 1–ին շենքի դիմացի կանաչ գոտու և երեխաների խաղահրապարակի տեղում):
Ջիվան Գասպարյանը հարգված և սիրված է հայ ժողովրդի կողմից, բայց մի՞թե մարդ պետք է շահագործի մարդկանց սերն ու վստահությունը, մի՞թե պետք է իրեն վեր դասի իր նման մարդկանցից՝ իր հարևաններից:
Երբ նա կառուցեց իր առանձնատունը (դա նրա ծրագրի սկիզբն էր), ուղղակիորեն ոչնչացրեց մոտ 500 քմ բակային կանաչապատ տարածք, որն ընդգրկում էր 4 զրուցարան և երեխաների համար նախատեսված խաղահրապարակ՝ բոլոր հարմարություններով, որտեղ մեծացել է մի քանի սերունդ։ Այդպիսով նա զրկեց մեր երեխաներին՝ ամառվա շոգից պատսպարվելու բարձր ծառերի հովին ու անհոգ մանկությունից», – ասված է դիմումի մեջ:
Բնակիչների խոսքով` Գասպարյանը ցանկանում է նոր ճանապարհ բացել, որը պետք է տանի դեպի իր առանձնատուն:
Epress.am-ի հետ զրույցում դուդուկահարը ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը` նաև մտահոգություն հայտնելով համալսարանի մասնաճյուղի դիմաց տեղադրված արգելափակոցի վերաբերյալ.
«Որ վաղը մի հատ երկրաշարժ լինի, որը շատ բնական ա, մի հատ պաժար ընկնի, ի՞նչ պիտի անենք ստեղ: Խայտառակ վիճակի մեջ ենք: Էս ուսանողները մեկումեջ ավտո ունեն, մի խուժան, մի ահավոր այլանդակություն, ի՞նչ պիտի անենք մենք»:
Ըստ նրա՝ համալսարանը փակել է այս տարածքը, որպեսզի արգելափակի իր բակ տանող մուտքը, իսկ ժողովուրդը, դուդուկահարի խոսքով, կրակն է ընկել՝ դժվարանալով դուրս հանել իրենց մեքենաները ավտոտնակներից:
«Ես ուզում եմ, որ մեր ճանապարհը ոնց որ եղել է, իրա մայրական… երբ որ էս շենքը չկար դեռ… մի 15-20 տարվա պատմություն ունեն: Մեր ճանապարհը եղել ա սա, երկու շենքի արանքը, մենք եկել ենք սենց մեր տները: Բայց հիմա զիբիլի յաշիկներն այնտեղ դրած, մի հատ նայեք, ինչ վիճակ ա, մեղք չե’նք, մենք խո՞զ ենք: Մի հատ մարդ չի կարում գա մեր տուն: Գառաժները շարել են գլխից գլուխ, ժեշտերը շարել են, տոկերը սենց թափած օդի մեջ: Շտապօգնություն որ գա, հիվանդը կմեռնի, չի կարա մտնի ներս: Տեղ չկա, որ մաշինեն կանգնի, շտապօգնություն գա, մտնի ներս», – այսպես է Գասպարյանը ներկայացրել այս պահին դեպի իր առանձնատան հատված տանող միակ ճանապարհի վիճակը:
Հարցին, թե նոր ճանապարհի բացելու և ասֆալտապատման դեպքում անհրաժեշտ կլինի՞ վերացնել այս տարածքում գտնվող կրպակները, Ջիվան Գասպարյանն ասել է, որ «կրպակների համար չեմ խոսացել, չեմ էլ ուզում խոսել»:
Նա նաև մեկնաբանել է բնակիչների բողոքն առ այն, որ նրա տան մի մասի տարածքը ևս երեխաների խաղահրապարակի մաս էր կազմում:
«Դուք էլ հավատացի՞ք, հա, – արձագանքել է նա, – էս իմ գառաժի տեղն ա»:
Ջիվան Գասպարյանն այս տանն է ապրում մոտ 50 տարի, և նրա խոսքերով, այս ամեն ինչը «բուդկեքի տերերն են մոգոնել, սարքել»:
«Օրինական, քաղաքապետարանի որոշումով գարաժը թույլ են տվել, սարքել եմ բնակարան ինձ համար, իմ սեփականությունն ա, առել եմ, սարքել եմ: Բոլորին կարելի է, ինձ չի՞ կարելի», – ասել է երաժիշտը:
Խնդիրը, ըստ մեր զրուցակցի, կայանում է նրանում, որ նշված ճանապարհը փակվում է ավտոմեքենաների պատճառով. «Չենք կարողանում գնանք-գանք: Սրանք ճռոքացրել են` «երեխեքի, բակի խաղալիք»: Հլը նախ, դուք նոր եք եկել ստեղ, չգայիք ապրեք էս շենքը: Ո՞նց եք եկել ստեղ ապրում: Տենում էիք՝ երեխեքի խաղալու տեղ չկա, չգայիք ապրեիք: Ստից բաներ են սրանք, մեր ժողովրդին լավ ենք ճանաչում»:
15 շենքի բնակիչներից մեկն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ բակի երեխաները փաստացի խաղալու տեղ չունեն: «Էստեղ մանկավարժականն ա, որտեղ թույլ չեն տալիս, որ երեխաները մտնեն նրանց բակ»: Ըստ մեր զրուցակցի՝ այս հատվածում ուզում են ծառահատում իրականացնել և իրենց մեքենաների համար բացել ավտոտնակներ տանող ճանապարհը:
«Բայց շատ ավելի լավ վիճակում փողոց ա գտնվում շենքի ետնամասում, կա փողոց, կարող են հեշտությամբ մտնել, ոնց որ միշտ են մտել իրենց շենք: Բոլորովին կարիք չկա էս փոքր հատվածն օգտագործել, որտեղ երեխաներն անգամ բակ չունեն», – ասել է շենքի բնակիչը:
Բնակիչները նաև նշել են, որ ճանապարհն անմիջապես անցնելու է իրենց տան մուտքի մոտ և դա վտանգավոր է և անթույլատրելի` մուտքից դուրս գալով, միանգամից հայտնվել փողոցում.
«Դա վտանգավոր է և’ երեխաների համար, և մեծերի համար, և ընդհանրապես շենքի բնակիչների համար», – բողոքել են նրանք: