Այսօր Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ կառավարության շենքի մոտ, ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մարդիկ են մահացել:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, պայթյունի զոհ է դարձել առնվազն 2 մարդ, առնվազն 8 մարդ վիրավորվել է:
Նորվեգիայի ոստիկանությունում զոհերի թվի մասին առայժմ տեղեկություններ չեն տրամադրել, սակայն նշել են, որ «զոհվածներ և վիրավորվածներ» կան:
Պայթյունից տուժել են մի քանի շենքեր, այդ թվում՝ այն շենքը, որտեղ գտնվում է Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգի աշխատասենյակը: Վարչապետը չի տուժել:
Նախնական վարկածներից մեկի համաձայն, պայթյունը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ տեղակայված է նորվեգական Verdens Gang թերթի խմբագրությունը: Մեկ այլ վարկածի համաձայն, պայթել է ավտոմեքենա, որի մեջ ռումբ է տեղադրված եղել:
Այս պահի դրությամբ դեպքի վայրում բազմաթիվ ոստիկաններ են աշխատում: