Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում համակարգային փոփոխություններից հետո անգամ բավական բարդ է լինելու վերականգել և նորմալ հունի մեջ դնել երկրի տնտեսությունը: Այդ մասին անցած շաբաթվա վերջին Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, Կոնգրեսի «100 քայլ» ծրագրի նախաձեռնող Հրանտ Բագրատյանը:
«Այսօր մեր երկիրն ապրում է տրանֆերտների հաշվին, սակայն պատկերացրեք, օրինակ, Ռուսաստանից փողը գալիս է Հայաստան, իսկ հայաստանցին էդ գումարը ծախսում է Լֆիկից ու Նեմեցից ապրանք առնելով, իսկ սրանք ամենաքիչն են վստահում Հայաստանին, ու էդ փողերը դրսում` այլ երկրներում են ներդնում: Ստացվում է, որ Հայաստան մտնող գումարները շրջանառության մեջ չեն դրվում երկրի ներսում, այլ շատ արագ դուրս են գալիս, այն էլ` անվերադարձ»,- ասել է Բագրատյանը:
Ըստ նրա, երկրի տնտեսական ծանր վիճակից դուրս գալուն ընդառաջ պետք է առաջին հերթին օլիգարխներին հարկային խիստ դաշտ բերել, վերացնել մենոշնորհները, վերահսկել կենտրոնական բանկի աշխատանքը:
Բագրատյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է ՀՀ կենտրոնական բանկի` սուր ճգնաժամային ժամանակահատվածում գործունեության վրա: «ԿԲ ղեկավարը հայտարարում է, որ ճգնաժամի պայմաններում մի հատ բանկ չսնանկացավ: Բայց ինչպե՞ս է դա ստացվում: Մենք բանկերի համա՞ր ենք աշխատում, որ չսնանկանա՞ն: Դա նշանակում է, որ մեր հաշվին չսնանկացան բանկերը, մեզնից պոկեցին, որ որևէ բանկ չտուժի»,- նշել է նա:
Ներկաներից մեկը հարցրել է` ինչպես է հնարավոր, օրինակ, որ սոցիալիստական գաղափարախոսություն կրող Կոնգրեսի անդամները կարողանան մի ընդհանուր տնտեսական ծրագիր ներկայացնել լիբերալների հետ: Բագրատյանը, օրինակ բերեց «100 քայլ» ծրագիրը. «Սոցիալիստները կարծում են, որ դա սոցիալիստական ծրագիր է, լիբերալները` լիբերալ: Երբ բարձրագույն արժեք է համարվում երկրի պետական շահը, այդ դեպքում միշտ էլ հնարավոր է համագործակցություն տարբեր գաղափարախոսւթյուններ կրող քաղաքական ուժերի հետ: Ես գաղափարախոսական տարբեր մոտեցումներում պրոբլեմ չեմ տեսնում»:
լուսանկարը` foi.am