Home / Հայաստան / «Ինչի՞ են թերթերը կապել ինձ հետ». Ռոբերտ Քոչարյանի խնամին գրել է գլխավոր դատախազին

«Ինչի՞ են թերթերը կապել ինձ հետ». Ռոբերտ Քոչարյանի խնամին գրել է գլխավոր դատախազին

Հուլիսի 4-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր Երևանի 50-ամյա բնակիչ Մամիկոն Այվազյանը: Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառել) հատկանիշներով:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է,որ ըստ տարածված լուրերի, տղամարդու մահվան պատճառ էին հանդիսացել շուրջ 20 օր առաջ դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով առաջացած առողջական խնդիրները, բացի դա, Մամիկոն Այվազյանի մահը կապվում է ԱԺ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի մերձավորների անվան հետ:

Օրեր առաջ Վոլոդյա Բադալյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին`«հանձնարարելով, որպեսզի և´ դատախազությունը, և´ միլիցիան խիստ քննություն տանեն և պարզաբանեն, թե ինչ է կատարվել»:

Թերթը ևս մեկ անգամ դիմել է Բադալյանին` խնդրելով պարզաբանել, թե ինչ ընթացք է ստացել գործը և այսօրվա համարում ներկայացրել է ԱԺ պատգամավորի հետ զրույցը.

– Պարոն Բադալյան, այս օրերի ընթացքում դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններ ձեզ հայտնի դարձե՞լ են:

-Ես իրանց գրել եմ, հիմա քննություն ա գնում: Էս պահին տեղեկություններ չունեմ: Ես բացակայում էի քաղաքից: Երեկ եմ եկել:

– Պարզե՞լ եք`ձեզ առնչվող անձինք կապ ունեցե՞լ են այդ ծեծկռտուքի հետ, թե՞ ոչ:

– Գործի քննությունը գնում է: Բոլորին հարցաքննում են, տանում են, բերում են: Գիտեք ինչ կա, այստեղ բավական խնդիր կա: Ես չեմ կարող ձեզ ասել: Ես ասում եմ`բացակայել եմ քաղաքից, եկել եմ երեկ, ես հիմա ուզում եմ ճշտել, թե ինչ կա:

– Ի՞նչ խնդիր է, ինչի՞ն է վերաբերվում այդ խնդիրը:

– Ես տեղյակ չեմ ոչնչից: Առանձնապես դա ինձ չի հետաքրքրում, որովհետև մեզ հետ շատ բաներ չի առնչվում:

– Դուք ասել էիք, որ այս գործի վերաբերյալ Գլխավոր դատախազին և ոստիկանապետին էիք դիմել: Եթե ձեզ չի հետաքրքրում, ինչո՞ւ էիք գրել:

– Ես դատախազին գրել եմ էն հարցով, որ ինչի՞ են թերթերը դեպքը կապել ինձ հետ, որ այս մասին ինձ դեռ ոչ մեկը չի հրավիրել, ոչ էլ խոսել ենք:

– Դատախազը ի՞նչ կապ ունի մամուլի հրապարակումների հետ:

– Ես գրել եմ դատախազություն, որ քննությունը տանեն էն ուղղությամբ…,պարզաբանումներ մտցնեն, իրական պատկերը որոշեն, ու եթե որևէ մեկը պատասխանատու ա`պատասխան տա: Սա է խնդիրը: