2011 թվականի առաջին կիսամյակում Վրաստան են այցելել 1,2 մլն զբոսաշրջիկներ: Երկրի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վերոնիկա Կոբալիայի տվյալների համաձայն, այս տարվա թվերը 45%-ով գերազանցում են նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Նախարարը փաստել է, որ Աջարիայի հյուրանոցներն այս պահին զբաղված են 80%-ով:
Կոբալիայի խոսքով, զբոսաշրջիկների քանակի ավելացում է նկատվել (մոտ 200%) հատկապես Իսրայելից և Իրանից: Սա պայմանավորված է Վրաստանի և երկու երկրների միջև ուղիղ չվերթների բացման հանգամանքով, ընդգծել է նախարարը:
Ամենաշատ թվով զբոսաշրջիկներ այս տարի Վրաստան են այցելել Թուրքիայից: Զբոսաշրջիկների քանակով երկրորդ տեղում է Ադրբեջանը, այնուհետև Հայաստանը, Ռուսաստանը և Ուկրաինան: Վերոնիկա Կոբալիայի խոսքով`տուրիզմի համար առավել ակտիվ շրջան է համարվում օգոստոս, սեպտեմբեր ամիսները: Հաշվի առնելով այս հանգամանքը և առաջին կիսամյակի ցուցանիշները նախարարը կանխատեսումներ է արել տարվա հաջորդ հատվածի վերաբերյալ` ենթադրելով, որ այս տարի Վրաստան կայցելեն մինչև 3 մլն զբոսաշրջիկներ:
Ավելի վաղ Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն հաղորդել էր, որ անցյալ տարի Վրաստանը հյուրընկալել է մոտ 2,3 մլն զբոսաշրջիկներ: