ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը 2009 թվականի սեպտեմբերի 12-ին փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որում պատմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ դիվանագետների հանդիպման մասին: Փաստաթուղթը գաղտնազերծել է Wikileaks կայքը:
Յովանովիչը գրում է, որ Սերժ Սարգսյանը սկսել է իր ելույթը Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների կարևորության ընդգծմամբ, որոնք, ինչպես նա ասել է, հիմնված են տնտեսական համագործակցության, ՀԱՊԿ-ին անդամագրված լինելու փաստի և Ռուսաստանում գոյություն ունեցող մեծ հայկական սփյուռքի վրա: Սարգսյանը նաև ընդգծել է Ռուսաստանի կողմից Հայաստանին հատկացված 500 մլն դոլար վարկի կարևորությունը, որը հնարավորություն է տվել մեղմել տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:
Սարգսյանը նաև վստահեցրել է իր լայն լսարանին, որ իր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը թափանցիկ և բաց ձևով է վարում:
«Բավական պաշտպանողական տոնով Սարգսյանը նշեց, որ իր կառավարությունը տեղեկացրել է հանրությանը Մադրիդյան սկզբունքներն ընդունելու իր մտադրության մասին, և որ Արձանագրությունների հրապարակումն ապացուցել է, որ նա երբեք չի փորձել խաբել հանրությանը: Նա խոստովանեց, որ Մադրիդյան սկզբունքները թույլ կետեր ունեն, բայց ընդգծեց նաև, որ Հայաստանի համար առանցքային հարցը` ԼՂ-ի ինքնորոշման հիմնախնդիրը, պահպանվում է: Ընդունելով քաղաքական ընդդիմության հարվածները` Սարգսյանը նշել է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը «սրբազան խնդիր էր», և գործընթացը կանգնեցնել ցանկացող մարդկանց ջանքերը որակել է որպես ոչ այլ ինչ, քան «մանր շահարկումներ»», – գրում է Յովանովիչը:
Փաստաթղթում նշվում է, որ Սարգսյանը բացառել է ԼՂ-ի հարցի կարճատև ժամկետներում կարգավորման հնարավորությունը` վստահեցնելով, որ ԼՂ-ի խաղաղ գործընթացը երկարատև խնդիր է, որին լուծում տալու համար ավելի քան մեկ օր, շաբաթներ և անգամ ամիսներ են պահանջվում: Սարգսյանը նշել է, որ ընթացիկ բանակցությունները վերաբերում են ներկայացված փաստաթղթի միայն հիմնական սկզբունքներին:
ՀՀ նախագահը նշել է, որ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնությանը կհաջորդեն ավելի համալիր սկզբունքները քննող բանակցությունները: Սարգսյանը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը Հայաստանի առաջնային խնդիրներից է:
2009 թվականի օգոստոսի 31-ին արված Հայաստանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունը Սարգսյանը որակել է որպես Թուրքիայի նախագահին նախորդ տարի Հայաստան հրավիրելու իր որոշման և նորմալ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ իր քաղաքականության հաջողության արդյունք:
Նա հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների հաստատման համար հայ-թուրքական արձանագրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի շահերը կպաշտպանվեն երեք չափազանց կարևոր ճանապարհներով. առաջին` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը և բանակցությունները որևէ կապ չպետք է ունենան Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ, երկրորդ` Հայոց Ցեղասպանության հարցը չպետք է քննվի պատմաբանների կողմից, այն պետք է ուսումնասիրվի միջկառավարական ենթահանձնաժողովի կողմից, և երրորդ` Հայաստանի ներսում Արձանագրությունների շուրջ բաց և լայն հասարակական քննարկումներ պետք է անցկացվեն, որոնք կնպաստեն այս կարևոր համաձայնագրի ստորագրմանը:
Սարգսյանը իր խոսքը եզրափակել է` ավագ դիվանագետներին հիշեցնելով, թե որքան կարևոր է իրենց գործունեությունը Հայաստանի ազգային անվտանգությունն ապահովման հարցում:
Սարգսյանը նաև նշել է, որ նախագահ դառնալուց հետո նա 10 դիվանագիտական նշանակումներ է արել, որոնցից միայն երկուսն են քաղաքական գործիչներ եղել:
Նա խոսել է այն մասին` ընդգծելով իր վստահությունը հանդիպմանը ներկա դիվանագետների մասնագիտական աշխատանքի հանդեպ: