Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից արևմուտք ընկած հատվածում ապստամբները ձերբակալել են Մուամար Քադաֆիի ամենամտերիմ օգնականներից մեկին` Լիբիայի ԱԳ նախարար Աբդել-ատի Ալ Օբեյդիին, հայտնում է Reuters գործակալությունը: Աբդել-ատի Ալ-Օբեյդին նախարարի պաշտոնը ստանձնել է ընթացիկ տարվա ապրիլին` այն բանից հետո, երբ նախորդ պաշտոնակատար Մուսա Կուսան փախավ Մեծ Բրիտանիա:
Միևնույն ժամանակ, Քադաֆիի որդիներն իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: Սեյֆ ալ-Իսլամը խոստանում է Լիբիայի պատերազմը վերջնական հաղթանակի տանել, երկիրը մաքրել «այն հեղեղած առնետներից» և թույլ չտալ Սիրտ քաղաքի հանձնումը:
Սաադին, իր հերթին, «հոր անունից» հայտարարել է Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի հնարավոր նահանջի և իրեն ենթակա քաղաքների, այդ թվում` Սիրտի հանձնման մասին:
Հարկ է նշել, որ Մուամար Քադաֆիի գտնվելու վայրը նախկինի պես անհայտ է մնում: Վերջին անգամ նրան տեսել են ուրբաթ դեպի Սաբխա քաղաք տանող ճանապարհին: