Home / Հայաստան / Հայաստանում պաշտպանեցին բելառուս քաղբանտարկյալին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայաստանում պաշտպանեցին բելառուս քաղբանտարկյալին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև Հելսինկյան ասոցիացիան բողոքի ակցիա է կազմակերպել` ի պաշտպանություն Բելառուսի իրավապաշտպան, «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու, ով այժմ գտնվում է բանտում: Ակցիային, բացի իրավապաշտպաններից, մասնակցում էին նաև մեկ տասնյակ քաղաքացիներ:

«Այն մեղադրանքը, որ առաջադրվել է նրան, չի համապատասխանում իրականությանը: Ինքն աշխարհում շատ հայտնի իրավապաշտպան է, և այս պահին ամբողջ աշխարհում 900 ստորագրություն է հավաքվել` երաշխավորելով, որ Ալես Բելյացկին կներկայանա, բայց այժմ պահանջում ենք խափանման միջոցի փոփոխություն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

 

Հայաստանցի իրավապաշտպաններն այսօր ստորագրություններով նամակ հանձնեցին դեսպանատուն:

«Բելառուսի իշխանություններն այս նամակին չեն պատասխանի` դրանով իսկ ապացուցելով իրենց` ժողովրդավարական արժեքները ոտնահարելը, չնայած աշխարհում կա նամակներ ստանալու և դրանց պատասխանելու ընթացակարգ: Բայց ամեն դեպքում մենք պայքարելու ենք, որպեսզի Բելառուսի ժողովուրդն ապրի ազատ և անկախ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Բելառուսի իշխանությունները Բելյացկուն ձերբակալել են ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Իրավապաշտպանին սպառնում է 7 տարվա ազատազրկում: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին: