Ադրբեջանը կողմ է հանդես գալիս Պաղեստինի անկախ հանրապետության ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 66-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների ամենամյա հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանը կրկին հայտարարում է, որ պաշտպանում է 1967 թվականի սահմանների շրջանակներում պաղեստինյան անկախ հանրապետության ստեղծման գաղափարը և ՄԱԿ-ի անդամ դառնալու ցանկությունը: Մենք բարձր ենք գնահատում Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի և նրա անդամների գործունեությունը` ուղղված պաղեստինյան ազգին օգնություն ցուցաբերելուն»,- ընդգծել է նախարարը:
Մամեդյարովը նշել է, որ Ադրբեջանը կսատարի Մահմուդ Աբասի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնված դիմումը:
Աբասի և Բան կի Մունի միջև հանդիպումը կայացել է նախորդ ուրբաթ: Պաղեստինը պաշտոնապես ՄԱԿ-ին է դիմել միջազգային ճանաչման հասնելու համար: