Home / Հայաստան / «Անհիմն ձևակերպումներ». Բաղդասարովը «ՉԻ»-ին դատի է տվել

«Անհիմն ձևակերպումներ». Բաղդասարովը «ՉԻ»-ին դատի է տվել

Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը ծանուցում է ստացել, համաձայն որի գործարար Միխայիլ Բաղդասարովը որոշել է դատի տալ «ՉԻ»-ին:

Գործարարը պահանջել է թերթից հօգուտ իրեն պատկանող «Արմավիա» ավիաընկերության բռնագանձել երկու միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Բաղդասարովի պահանջի պատճառը «ՉԻ»-ի՝ Epress.am-ից արտատպած «Հայկական ավիաընկերությունը զե՞նք էր մատակարարում Լիբիային» հոդվածը, որում, մասնավորապես, վկայակոչվում են Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկի խոսքերն այն մասին, որ զենքերի հերթական բաժինը վերցնելու և վերադառնալու նպատակով Լիբիայից Մոլդովա ժամանած Իլ-76 ինքնաթիռը պատկանում է «հայկական քաղաքացիական ավիաընկերությանը» (հոդվածի սկզբնաղբյուրը` «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայք): Epress.am-ը «Էխո Մոսկվիի» հրապարակման առնչությամբ դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանին, ով մեզ հայտնել էր, որ այս հարցի առնչությամբ մեկնաբանություն կարող է տալ «Արմավիան»: «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չէր պատասխանել: Ավելի ուշ «Արմավիան» հաղորդագրություն էր տարածել, որով պնդում էր, որ ««Արմավիա» ավիաընկերությունը երբեք չի ունեցել «ԻԼ 76» ինքնաթիռ և զբաղվում է միայն ուղևորատար  փոխադրումներով, այլ ոչ թե բեռնափոխադրումներով»:

«ՉԻ»-ն նշում է, որ Բաղդասարովի հայցադիմումի տեքստին ծանոթանալուց հետո խմբագրությունում հասկացել են, որ այն պարզապես ապատեղեկատվություն է` դատարանին մոլորության մեջ գցելու անհիմն ձևակերպումներով: Օրաթերթը գրում է, որ հայցադիմումի կետերը և սեփական պարզաբանումները ներկայացնելու է «ՉԻ» առաջիկա համարում: