ԱՄՆ-ն պատրաստվում է «վիրտուալ դեսպանատուն» ստեղծել Իրանում, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Հիլարի Քլինթոնի հարցազրույցին, որը նա տվել է BBC-ի իրանական ծառայությանը: Հատուկ կայքի օգնությամբ Իրանի քաղաքացիները կկարողանան տեղեկություններ ստանալ վիզաների և ԱՄՆ-ում անցկացվող կրթական ծրագրերի մասին:
«Մենք ցանկանում ենք հարաբերությունները կարգավորել նախևառաջ Իրանի ժողովրդի հետ»,- ասել է Քլինթոնը` հստակեցնելով, որ նախևառաջ հույս ունի գործ ունենալ իրանական երիտասարդության հետ: «Մենք փորձում էինք դիմել երկրի կառավարությանը, բայց առանձնապես հաջողության չհասանք»,- ասել է Քլինթոնը:
Պետդեպի քարտուղարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհոգա այն մասին, որ Իրանի քաղաքացիները ազատորեն կարողանան տեղեկատվություն ստանալ, չնայած համացանցից օգտվելու արգելքին: Նրա խոսքով` ԱՄՆ-ն կապահովի դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաները և կսովորեցնի իրանցիներին օգտվել դրանցից: