Home / Հայաստան / «Եկեք ասենք, որ Քիմ Քարդաշյանը թուրք է». սկանդալ ԱՄՆ-ում

«Եկեք ասենք, որ Քիմ Քարդաշյանը թուրք է». սկանդալ ԱՄՆ-ում

New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիսթոֆը, ով հայտնի է աղքատության և մարդկային կարեկցանքի մասին իր հոդվածներով, անտարբեր չի մնացել ամերիկյան  ռեալիթի շոուի աստղ և դերասանուհի Քիմ Քարդաշյանի ապահարզան ներկայացնելու մասին լուրին, գրում է Atlantic Wire-ը:

Քիմ Քարդաշյանի 72 օր տևած ամուսնական կյանքի ավարտի մասին լուրը լսելուց հետո Նիկ Քրիսթոֆը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Քիմ Քարդաշյանը կարող էր իր հարսանիքի վրա ծախսած գումարներով աղքատ պետություններում 200 դպրոց կառուցել: Դա իրոք տևական բան կլիներ»: Այնուհետև լրագրողն ավելացրել է.  «Ամերիկահայերի անունից ներողություն եմ խնդրում Քիմ Քարդաշյանի համար: Եկեք շշուկներ տարածենք, որ նա իրականում թուրք է»:

Քրիսթոֆի թվիթն անպատասխան չի մնացել:

«Քրիսթոֆը աղքատների իրավունքների պաշտպանության քաղաքականություն է որդեգրել, բայց պատրաստ է պիտակավորել մի ամբողջ էթնիկ խմբի (թուրքերին)»,-գրել է Forbes-ի թղթակից Էլմիրա Բայրասլին: Այս հաղորդագրությանն ի պատասխան Քրիսթոֆը գրել է. «Ահ, թեթև տար: Ես թուրքերին չեմ պիտակավորել: Ես պիտակավորել եմ Քիմ Ք-ին և ծաղրում եմ հայ-թուրքական լարված հարաբերությունները: Ես ոչ մի բացասական բան չունեմ թուրքերի նկատմամբ»:

Ավելի ուշ Քրիսթոֆը ներողություն է խնդրել իր հաղորդագրության համար . «Ծանր է ասել, բայց, լավ, ներողություն եմ խնդրում բոլոր վիրավորված թուքերից»: