Home / Հայաստան / Դավադրությունների տեսություն չկա. պատգամավորը` հրաժարականների մասին

Դավադրությունների տեսություն չկա. պատգամավորը` հրաժարականների մասին

Իշխանության վերնախավում վերջին հրաժարականները միտված են ընդամենը մեկ բանի՝ գալիք ընտրություններում՝ 2012-ի խոհրդարանական, և 2013-ի նախագահական, Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծել: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Նորմալ եմ գտնում, սովորական քաղաքական գործընթաց է, ուղղակի իմ համոզմունքը մեկն է, որ որքան էլ փորձեն փոխատեղումներ իրականացնել, քիչ թե շատ նորմալ ընտրությունների պարագայում, չեմ կարծում, որ Հայաստանում կա ուժ, որ կարող է ճնշող մեծամասնություն ստանալ: Հանրապետականի ջանքերը որքան էլ միտված լինեն 50% +1 տեղ ունենալ խորհրդարանում, չի հաջողվի, եթե ընտրությունները քիչ թե շատ նորմալ անցնեն: Իսկ մնացածը… այսպես ասած, բարդ խաղեր պետք չէ փնտրել՝ դավադրությունների տեսություն և այլն, ոչ», – ասել է պատգամավորը:

Նա հավելել է, որ եթե իշխանությունը վերարտադրվի, ապա որևէ դրական բան, դրական ապագա Հայաստանում չի սպասում:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականներից հետո, երեկ երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնը լքելու մասին: