Նախորդ շաբաթ Հայաստանի պետական մարմիններից մեկի ղեկավարը գաղտնի Իսրայել է այցելել: Այս մասին IzRus կայքին հայտնել է իսրայելական լավատեղյակ աղբյուրը: Բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորությամբ պատվիրակությունը երեք անձանցից է բաղկացած եղել և մի քանի օր է անցկացրել Իսրայելում:
Հյուրերը երկրի հյուսիսում և կենտրոնում գտնվող մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաև Երուսաղեմի հայկական թաղամաս են այցելել: Դիմավորող կողմի ներկայացուցիչները հաճելիորեն զարմացած են եղել անսովոր գաղտնի պատվիրակի` Իսրայելի պատմության և ներքին քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածության և կրթվածության մակարդակով, գրում է IzRus-ի քաղաքական վերլուծաբան Իգոր Գանտմանը:
Ինչպես հաղորդել է աղբյուրը, այցը նախաձեռնել էր Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմը:
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Հայաստանից եկած հյուրերը հանդիպումներ չեն ունեցել Իսրայելի քաղաքական ղեկավարության հետ: Տվյալ այցը, նրա խոսքով, բացառապես «նախնական, ճանաչողական շփման» բնույթ է կրել: Որևէ հստակ գործարքներ կամ ծրագրեր չեն քննարկվել:
Միաժամանակ, IzRus-ի աղբյուրը հավելել է. «Հայկական կողմը հակված է այն մտքին, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը նախապայմաններ է ստեղծել Երևանի և Երուսաղեմի միջև հարաբերությունների կենդանացման համար»: