հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Չեն լքելու երկիրը». գերմանական հայացք` Հայաստանի ժամանակակից արվեստին

«Չեն լքելու երկիրը». գերմանական հայացք` Հայաստանի ժամանակակից արվեստին

Շքեղ խանութներ և բանկերի գովազդներ. Հայաստանը կապիտալիզմի է հասել: Սակայն մշակութային կյանքը երկրում դեռևս կառչած է հին խորհրդային համակարգերից, իսկ ազատ մտածող երիտասարդներն այլընտրանք են փնտրում: Այսպես է Հայաստանի ժամանակից արվեստի մասին իր հոդվածը սկսում  Deutche Welle-ի թղթակից Այա Բախը:

Նա նշում է, որ Երևանում բանկերի գովազդների խտությունը փողոցներում նույնքան բարձր է, որքան Ֆրանկֆուրտում, Լոնդոնում և Նյու Յորքում` միասին վերցրած, իսկ շքեղ նորակառույցների թիվը գնալով ավելանում է: Շատերը կիսադատարկ են մնում, բայց դա չի խանգարում դեվելոփերներին շարունակել կառուցապատումը:

«Բայց նույն քաղաքում, այնտեղ, որտեղ ամենից քիչը կարելի է դա ակնկալել, հնարավոր է մի քիչ արվեստ գտնել` «Արվարձան» կոչվող մշակութային կենտրոնում: Դա համադրողների և արվեստագետների նախաձեռնություն է, և Եվա Խաչատրյանը նրանցից մեկն է: Նա եռօրյա հանդիպում էր կազմակերպել Հայաստանի, Վրաստանի և Գերմանիայի արվեստագետների մասնակցությամբ: Այդ նախաձեռնությունը գերմանական Գյոթեի ինստիտուտի ծրագրի մաս է կազմում», – նշում է հոդվածագիրը:

«Մեզ համար շատ կարևոր է միջազգային մասնակցությունն այստեղ: Մենք արվեստագետների երիտասարդ սերունդ ունենք, որոնք ժամանանակից արվեստի մասին յուրաքանչյուր  տեսակի տեղեկատվության կարոտ են», – ծրագրի առնչությամբ ասել է Խաչատրյանը:

Այա Բախը, այնումանեյանիվ, նշում է, որ Հայաստանում ժամանակակից արվեստի հասանելիության խնդիր կա, քանի որ կրթական համակարգը արմատներով կառչած է խորհրդային անցյալին: Ժամանակակից արվեստով զբաղվողները շատ սակավ ֆինանսական աջակցություն են ստանում Հայաստանում:

Կառավարության աջակցությունից հեռու մնալու դրական կողմը Բախի հետ զրույցում պարզաբանել է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը:

«Չնայած հիմա ընդդիմություն կա և արվեստով զբաղվողների խմբերը գործում են ավանդական ինստիտուտներին հակառակ, մենք շարունակում ենք կրել խորհրդային անցյալի կնիքը: Արվեստի պաշտոնական մեկնաբանությունը կապված է պետական շահերի հետ: Ես գտնում եմ` դա ազգայնական մոտեցում է», – ասել է Գյուլամիրյանը:

Հոդվածագիրը նշում է, որ ժամանակակից արվեստով ակտիվ զբաղվող մարդկանց խումբը, այնուամենայնիվ, սեփական ծրագրերն ունի: Նրանք նպատակ են հետապնդում ստեղծել ժամանակակից արվեստի գրադարան Երևանում, ինչը կօգնի վերացնել տեղեկատվական սովը` կապված ժամանակակից արվեստի հետ:

Խաչատրյանի խոսքով` այդ գաղափարը նա երկար ժամանակ է ունեցել, սակայն այժմ դրա իրականացումը կարող է հնարավոր դառնալ բեռլինյան «Նոր հասարակություն կերպարվեստի համար» կազմակերպության և Գյոթեի ինստիտուտի կողմից:

«Ես չգիտեմ` արդյոք հնարավոր է քաղաքացիական հասարակություն ստեղծել մեր երկրում այսպիսի եռօրյա սեմինարի օգնությամբ: Բայց կարող եմ ասել, որ մենք դրա համար աշխատում ենք 10 տարի և պայքարում ենք այդ քաղաքացիական հասարակությունը ստեղծելու համար: Մենք չենք պատրաստվում լքել երկիրը, որովհետև ցանկանում ենք ավելի լավը դարձնել այն: Նոր ծրագիրը կարող է օգտակար լինել մեզ համար, հավատում ենք, որ իմաստալից ինչ-որ բան կստեղծենք դրա օգնությամբ», – եզրափակել է Խաչատրյանը:

Լուսանկարը` Գոռ Ենգոյան