Նորվեգիան կողմնակից է, որպեսզի բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն խաղաղ միջոցներով` դիվանագիտական բանակցությունների և քաղաքական ջանքերի օգնությամբ: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Շտյորեն` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Նորվեգիան վերաբերվում Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու քաղաքականությանը:
Նա նշել է, որ իր երկիրն աջակցում է կողմերի ջանքերին լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Մինսկի խմբի շրջանակում, ինչպես նաև կողմ է միջազգային հանրության աջակցությանը:
Շտյորեն ընդգծել է, որ Նորվեգիան լավ դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ ունի Ադրեբջանի հետ, քանի որ այդ երկրի նավթային ընկերությունները ներգրավված են Կասպից ծովում գազային ռեսուրսներ արտահանելու գործընթացում:
«Նորվեգիայի կառավարությունն ակնկալում է, որ արտասահմանում աշխատող նորվեգական ընկերությունները պետք է ոչ միայն ենթարկվեն տվյալ երկրի օրենքներին, այլև միջազգային չափանիշներին: Եվ ես կասկած չունեմ, որ նորվեգական ընկերությունները հենց այդպես են աշխատում Ադրբեջանում», – ասել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:
Լուսանկար` Jpost.com-ից